Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-29-ը կգտնվի Հայաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿի մամուլի ծառայությունում: Այցի շրջանակներում պլանավորված է Բորդյուժայի հանդիպումը Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել կազմակերպության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿի Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջացառումների եւ կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի կողմից առաջարկված գերակայությունների պլանը», ասված է հաղորդագրության մեջ: Բորդյուժան կհանդիպի նաեւ Հայաստանի մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի գործունեության կատարելագործման գործնական միջոցառումները: