Ոչ միայն այս հայտարարություններն են դատապարտելի, այլեւ դրանք չտեսնելու դիրքորոշումը. Արմեն Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում քննարկվելու է միանգամից երկու հակահայկական զեկույց: Ինչպես հայտնի է՝ զեկույցներից մեկը, որը ներկայացնելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կոչվում է «Բռնության էսկալացիան ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Այդ զեկույցում, մասնավորապես, կոչ է արվում հայկական եւ այլ անկանոն ուժերը դուրս բերել Ադրբեջանի «գրավված» տարածքներից եւ դրանցում ճանաչել վերջինի ինքնիշխանությունը: Իսկ մյուս հակահայկական զեկույցը` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը», ներկայացնելու է սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Խոսուն անվանումներով այս երկու փաստաթղթերի ընդունման կանխարգելման ուղղությամբ անցած ամիսներին հայկական պատվիրակության գործադրած ջանքերը բավարար չեղան, շատ փորձագետների գնահատմամբ` դրանք ոչ միայն թերի էին, այլեւ խիստ ուշացած: Նշենք, որ երկու զեկույցներն էլ կազմվել են առանց դրանց հեղինակների կողմից Արցախ այցելելու:

Եվ չնայած ԵԽԽՎ կողմից ընդունվելիք այդ փաստաթղթերը իրավական ուժ չեն ունենալու, այդուհանդերձ, դա կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ինչի մասին, ի դեպ, նախօրեին իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցել է Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, այսօր ԵԽԽՎ-ի նստաշրջանում քննարկվելու է երկու հակահայկական զեկույց, ինչն արդեն երկար ժամանակ է` թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Ի՞նչ կարող ենք կանխատեսել, ի՞նչ ավարտ կունենա Ստրասբուրգում կայանալիք քննարկումը:

-Այս պահին դժվար է կանխատեսում անել, թե ինչ ավարտ կարող է ունենալ Ստրասբուրգում կայանալիք քննարկումը: Ամենակարեւորը, որ տեղի է ունեցել վերջին օրերին, այն է, որ ԼՂՀ հարցով զբաղվող մասնագիտացած կառույցը, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր հստակ տեսակետն է ներկայացրել, թե որեւէ այլ ֆորմատով քննարկումները կարող են բացասական ազդեցություն ունենան ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Սա, իրոք, կարող է ազդել այն քվեարկության վրա, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում: Բայց ինչ ձեւով կունենա կամ չի ունենա, դժվար է այս պահին ասել:

-Այնուամենայնիվ, եթե այդ հակահայկական փաստաթղթերն ընդունվեն, ինչ հետեւանքներ դրանք կարող են ունենալ:

-Եթե այն տեքստերն ընդունվեն, որոնք ներկայացրել են զեկուցողները, բացասական է: Թե՛ Ռոբերտ Ուոլթերի եւ թե՛ Միլիցա Մարկովիչի մոտեցումը տվյալ դեպքում լիարժեքորեն դատապարտելի է նաեւ այն պատճառով, որ երկուսն էլ իրենց զեկույցներում ձեւակերպումներ են զետեղել՝ ոչ թե եվրոպական արժեհամակարգից ելնելով, այլ պարզապես զեկույցի տեսքով իրենց անունից ԵԽԽՎ են ներկայացնում Ադրբեջանի տեսակետները: Ինչու են սույն զեկուցողներն աչք փակում Իլհամ Ալիեւի այն հայտարարությունների վրա, թե Ադրբեջանին այլեւս պետք չէ եվրաինտեգրվել, Ադրբեջանը որքան պետք է, եվրաինտեգրվել է, եւ կամ որտեղ է տեսնված, որ ԵԽ անդամ երկրի ղեկավարը ատելության քարոզով հանդես գա, թե աշխարհի բոլոր հայերն Ադրբեջանի թշնամիներն են: Իսկ այս հայտարարության հեղինակը Իլհամ Ալիեւն է: Ոչ միայն այս հայտարարություններն են դատապարտելի, այլեւ դրանք չտեսնելու զեկուցողներ Ուոլթերի ու Մարկովիչի դիրքորոշումը: Բայց թե ինչպիսի քվեարկություն կլինի, այս պահին դժվար է կանխատեսել:

-Պարո՛ն Զաքարյան, այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ինչի արդյունքում այդ փաստաթղթերը հայտնվեցին ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: Պատճառը հայկական պատվիրակության եւ հայկական դիվանագիտության վատ աշխատա՞նքն է, թե՞ Դուք էլ եք կարծում, որ այստեղ վճռորոշ է եղել ադրբեջանական խավիարը:

-Այն տենդենցը, որի արդյունքում հայտնվել են այս զեկույցները, նոր բան չէ: 15 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ միասին դառնում էր ԵԽ անդամ, այդ ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ստրասբուրգյան իր ելույթում ասաց, որ Եվրոպայի խորհուրդը եւ ԵԽԽՎ-ն իրենց համար շատ լավ հարթակներ են, որպեսզի Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերն իրենք մշտապես արծարծեն այդ ֆորումներում: Սա նոր քաղաքական գիծ չէ, շատ վաղուց իրենք այդ ուղղությամբ հետեւողականորեն աշխատում են: Պետք է նկատի ունենալ, որ միշտ էլ Ադրբեջանի կողմից լինելու են այսպիսի բաներ: Մեր անելիքը սրա դեմն առնելու գործուն մեխնիզմների ստեղծելն է:

Հ. Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ նոր նախագահը իսպանացի Պեդրո Ագրամունտն է, որը եւս հայտնի է որպես ադրբեջանական «խավիարասերների ակումբի» ակտիվ անդամ: Այս նշանակումը կարող է լրացուցիչ խնդիրներ հարուցել հայկական պատվիրակության համար, որը մինչեւ հունվարի 29-ը` նստաշրջանի ավարտը, պետք է անի գրեթե անհնարինը` ձախողելու համար հակահայկական զեկույցների ընդունումը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս