ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ առցանց ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է: Այս մասին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը: «Ստորագրահավաքին միացել են ոչ միայն հայեր, այլ նաև օտարերկրացիներ, ովքեր ընդվզում են Ադրբեջանի աշխատաոճի և եվրոպական մի շարք կառույցների ոչ ժողովրդավարական կեցվածքի դեմ»,- ասված է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանի մեջ:

Գրասենյակից հայտնեցին նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները հունվարի 26-ին լիագումար նիստի ընթացքում, երբ կքննարկվեն հակահայկական զեկույցները, պետք է ներկայացնեն նաև դրանց դեմ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները: Զեկույցները քվեարկության կդրվեն հունվարի 26-ին:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համացանցում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների: Առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 8 հազար մարդ:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ վեհաժողովի արդեն նախկին նախագահ Անն Բրասյորը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ չէր բացառել, որ հակահայկական զեկույցները կարող են քննարկման չդրվել: Նա հայտարարել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ Նա հավելել է, որ վերջնական որոշում պետք է կայացնի վեհաժողովը՝ քննարկե՞լ նախագծերը, թե՞ ոչ կամ դրանք հետ ուղարկել հանձնաժողով: Հայ դատի Եվրոպայի գրասենյակից ևս «Արմենպրես»-ին հայտնեցին, որ կա հավանականություն, որ այդ բանաձևերը քննարկման չեն դրվի:




Լրահոս