26 հունվար, Երեւան – Հունվարի 27-ին 32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում՝ ժամը 12:00-ին:
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:
Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 244 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 32-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 12:
Այս տարի դրամաշնորհներից 15-ը տրամարդվել է կյանքի մասին գիտությունների՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, 7-ը ֆիզիկայի, 3-ը աստղաֆիզիկայի, 1-ը քիմիայի, 1-ը բիոմեխանիկայի, 1-ը երկրի մասին գիտության, 1-ը գրականության, 1-ը պատմության, 1-ը հնագիտության, 1-ը տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:
Անցած 16 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են մոտ 2000 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 404 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1545 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 20 հազար դոլար: