ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է, ԱՅՆ ԷԼ` ԿՏՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի սակագինը Հայաստանում կբարձրանա հուլիսի առաջին կեսին. այդ մասին երեկ հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ քառօրյայից հետո երեկոյան խորհրդարանում անցկացված քննարկումների ժամանակ: Ավելի քան 2,5 ժամ տեւած քննարկումները երեկ, ըստ էության, վերածվեցին խորհրդարանական լսումների, ու արդյունքում բավական ուշագրավ փաստեր բացահայտվեցին:
«Մենք բոլորս հայտարարում էինք, որ գազի սակագինը թանկացել է, բայց իշխանությունները հերքում էին իրականությունը, եւ հիմա մենք վճարում ենք խորհրդարանական, նախագահական եւ Երեւանի ավագանու «ընտրությունների» համար: Եթե ապրիլի 1-ից այլ սակագին է գործում, ո՞վ է վճարել»,-Ռ. Նազարյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իր հարցին կարող են նաեւ չպատասխանել, քանի որ ակնհայտ է` իշխանություններն ասելիք չունեն: Ռ. Նազարյանն էլ, օգտվելով առիթից, բնականաբար խուսափեց այդ հարցին անդրադառնալուց: «Ես կարող էի պատասխանել, բայց Դուք պատասխան չեք ակնկալում»,-ասաց նա: Հասկանալի է, որ եթե իշխանությունները կարողանային փաստերով հերքել ընդդիմության այս պնդումը, ապա դա արած կլինեին վաղուց: Բայց աշխատում են այդ թեման հնարավորինս շրջանցել, որովհետեւ նրանց կողմից ցանկացած հայտարարություն կդիտվի որպես ինքնախոստովանություն` իրավական բոլոր հետեւանքներով հանդերձ: Առավել եւս, երբ այս ընթացքում ռուսական կողմը գազի սակագինը կրկին բարձրացրել է. 1000 խմ-ի դիմաց նախկին 254 դոլարի փոխարեն ապրիլի 1-ից ՀՀ սահմանին այն վաճառվում է 270 դոլարով: Այսինքն` Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով ավելի քան մեկ ամիս իշխանություններն իրենց հերթին, ՀՀԿ-ի «գազային ֆիլիալ» հանդիսացող «Հայռուսգազարդ»-ն իր հերթին լռել են ու խոսում են միայն հիմա, երբ առաջիկա չորս տարվա մեջ ընտրություններ նախատեսված չեն: Սահմանին գազի սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ ներկայացրած հայտում նշել է «Հայռուսգազարդ»-ը, երեկ ԱԺ-ում հայտարարեց նաեւ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

ԲԱԼԸ ԹԱՆԿ ԷՐ, ԱՂԱ՛

Թեեւ հանձնաժողովը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ որոշում չի կայացրել, սակայն մոտավոր հայտնի է, թե որքան կկազմեն գները. մինչեւ 10 հազար խորանարդ մետր ծավալով գազ սպառողների համար սակագինը կթանկանա մոտ 18,2 տոկոս, իսկ 10 հազար մետրից ավելի ծավալով գազի սպառողների համար` մոտ 13%: Այսինքն` նախնական հաշվարկներով՝ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 1 խմ-ի համար կկազմի 156 դրամ: ՀՀ-ում այս գինը ֆիքսված է լինելու առաջիկա 5 տարիների համար: Սա նշանակում է, որ առաջիկա առնվազն հինգ տարվա ընթացքում բնակչությունը միայն գազի դիմաց կվճարի ամսական մոտ 10 հազար դրամ ավելի գումար: Իհարկե, սա դեռ ամենը չէ. մոտ 26 տոկոսով նախատեսված է ավելացնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը. այն սպառողի համար կթանկանա մոտ 8 դրամ` 1 կվտ դիմաց կազմելով  38 դրամ: Այսինքն` միջին ընտանիքը էլեկտրաէներգիայի դիմաց կսկսի ամսական մոտ 4-5 հազար դրամ ավելի վճարել: Այլ կերպ ասած՝ միայն գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների առումով բնակչության ծախսերը կավելանան 44,2 տոկոսով:
Սա, իհարկե, ամբողջը չէ, քանի որ 10 հազար խմ-ից ավելի ծավալներով գազ սպառողների համար գազի սակագինը կբարձրանա մոտ 13 տոկոս: Իսկ այդ ծավալի գազ սպառում են տնտեսվարող ընկերությունները: Այսինքն` առաջիկայում արտադրությամբ զբաղվողների ծախսերը միայն գազի սակագնի առումով կբարձրանան 13, էլեկտրաէներգիայի առումով` 26 տոկոսով (ընդհանուրը` 39 տոկոս), իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ էլ իրենց հերթին են բարձրացնելու ապրանքատեսակի գները: Թե որքան կկազմի գնաճը, դա առաջիկայում կորոշեն տնտեսվարող սուբյեկտները: Ռոբերտ Նազարյանը երեկ միայն ասաց, թե ԱԳԼՃԿ-ների համար նախնական հաշվարկ է կատարվել, եւ իրենք պարզել են, որ այնտեղ մեկ խորանարդի համար գազի գինը կավելանա մոտ 11 դրամ:
Առաջին հայացքից սակագնի բարձրացումն այնքան էլ շատ չէ. համենայնդեպս, «Հայռուսգազարդ»-ը ներկայացրել էր սակագինը 64 տոկոս բարձրացնելու հայտ: Ու հիմա այդ 64 տոկոսի համատեքստում բնակչության համար 18,2, իսկ տնտեսվարողների համար 13 տոկոս թանկացումը իշխանությունները կարող են ներկայացնել որպես նվեր, գերմարդկային ջանքերի գնով հերոսություն: Սակայն սա միայն առաջին հայացքից: Մանավանդ որ ներկայացվող թվերն ընդամենը նախնական տվյալներն են, եւ չի բացառվում, որ իշխանությունները հիմա պարզապես փորձում են հասարակական կրքերը մեղմելու համար նման թվեր հրապարակել ու ժամանակ շահել: Իսկ առաջիկայում կպարզվի շատ ավելի վատ պատկեր, քան կարելի էր պատկերացնել:
Համենայնդեպս, ակնհայտ է մեկ փաստ. ե՛ւ գազի, ե՛ւ էլեկտրաէներգիայի սակագները առաջիկայում բարձրանալու են: Իսկ դա ունենալու է իր հետեւանքները` բարձրանալու են մյուս բոլոր ապրանքատեսակների գները եւս: Եվ կյանքը Հայաստանում թանկանալու է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս