Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում հունվարի 26-ի դրությամբ վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Հոսպիտալացված 33 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 4-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ.:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել:
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները:
Նշենք նաև, որ հունվարի 23-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների պատկերը հետևյալն էր. հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 99 էր, այդ թվում՝ 42-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 45 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 6-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստացել 2 հիվանդ, ըստ բժիշկների նրանց վիճակը գնահատվել է կայուն: