ՓՆՏՐՎՈՒՄ Է… ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կար ժամանակ, որ Կարեն Ճշմարիտյանը մեր պետական ու հանրային կյանքի կիզակետում էր, մինչդեռ վերջին շրջանում նրա անունը գրեթե մոռացության է տրվել: Անգամ շատերը չեն էլ հիշում, որ Ազգային ժողովում նման անուն-ազգանունով պատգամավոր ունենք: Միշտ անկյունում, միշտ ամեն ինչից հեռու… Երեւի դեռ չի վարժվել այն բանին, որ նախարարական ընդունարանը փոխարինվել է խորհրդարանական բազկաթոռով, որը 131-ից մեկն է ընդամենը:
Եվ ինչպե՞ս վարժվի խեղճ մարդը, երբ 1990թ.-ից «թամբի վրա է եղել»… 21 տարեկանում ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտության ֆակուլտետը ու խորհրդային տնտեսագետի որակավորմամբ գնացել բանակ՝ ծառայության: 1985-1990թթ. աշխատել է Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ գլխավոր մասնագետ, ապա ֆինանսական ենթաբաժնի պետ, 1990-1991թթ.՝ ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում՝ գլխավոր տնօրենի տեղակալ: Ո՞վ է եղել Կարեն Ճշմարիտյանի «լոկոմոտիվը», որ միանգամից հայտնվել է պետական կոմիտեում, շատ կարճ ժամանակամիջոցում այստեղ դարձել գլխավոր տնօրենի տեղակալ…
«Երջանիկ աստղի տակ» ծնված Կ. Ճշմարիտյանի կյանքի հետագա ճանապարհն էլ չափազանց արդյունավետ է եղել. 1991-1993թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: 1993-1996թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ, 1996-1997թթ.՝ ՀՀ առեւտրի սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ, 1997-1998թթ.՝ ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի  նախարարի առաջին տեղակալ, 1999-2002թթ.՝ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար:
Կարեն Ճշմարիտյանի նախարարական կարիերան կապում են սկզբում Ռոբերտ Քոչարյանի, հետո՝ Անդրանիկ Մարգարյանի հետ: 8 տարի շարունակ հայտնվելով քննադատության թիրախում՝ նա, այնուհանդերձ, պահպանում էր իր նախարարական պորտֆելը: Բայց ահա վարչապետ նշանակվեց Սերժ Սարգսյանը, ու Ճշմարիտյանի արեւը մայր մտավ… Ոմանք ասում են, որ իշխանությունները հարկադրված էին Ճշմարիտյանին հեռացնել ասպարեզից եւ տանել ԱԺ, որպեսզի որոշ գործեր չբացահայտվեին: Ի դեպ, երբ Կ. Ճշմարիտյանը դեռ նախարար էր, որոշ գործիչներ հրապարակավ խոստանում էին նրա դեմ կոմպրոմատներ ներկայացնել, սակայն հետո տիրեց քար լռություն… Եվ հիմա պատգամավոր Ճշմարիտյանը, որը, իր պնդմամբ, բիզնեսով չի զբաղվում, ներկայանում է որպես զուտ ԱԺ-ից եւ համալսարանից ստացած աշխատավարձով ապրող մարդ… Մինչդեռ նա բնավ էլ աշխատավարձով ապրողներից չէ: Հիշեցնենք թեկուզ «Էլբատ» ընկերությունը, որը գտնվում է նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածքում: Այդ գործարանը սեփականաշնորհվել է 2005թ. ուղղակի վաճառքի ձեւով, եւ ըստ մամուլի հրապարակումների՝ դրա 40 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը դարձել է հենց Կ. Ճշմարիտյանը, որը ներկայումս պահպանել է այդ ընկերության բաժնետոմսերի 24 տոկոսը:
Որպեսզի  հարցեր չառաջանան, թե ինչպես Կ. Ճշմարիտյանը հաջողացրեց հսկայական ունեցվածքի տեր դառնալ, ընդամենը նշենք, որ նա զբաղեցնում էր նախարարի պաշտոնը հենց այն ժամանակ, երբ սեփականաշնորհվեցին թե՛ «Էլեկտրոն» գործարանը, թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Երկուսի սեփականաշնորհման ընթացքն էլ իրականացրել է առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԶՊՄԿ-ն: Այս կոմբինատը սեփականաշնորհվեց չափազանց ցածր գնով՝ մոտ 140 մլն դոլարով: Ընդ որում, դրանից հետո հենց առաջին տարվա ընթացքում կոմբինատի հասույթը կազմեց մոտ 140 միլիոն դոլար: Հայաստանի արդյունաբերության գերհսկան՝ ԶՊՄԿ-ն, այդքան ցածր գնով ձեռք բերելուց հետո կոմբինատի սեփականատերերի եւ այն ժամանակվա նախարարի հարաբերությունները խիստ ջերմացան, ինչի արդյունքում Կ. Ճշմարիտյանը դարձավ 21 տոկոսի սեփականատեր: Այնքան ջերմացան, որ ԶՊՄԿ-ի սեփականատերերը եւ Կ. Ճշմարիտյանը որոշեցին նաեւ Երեւանում համատեղ բիզնես դնել: «Էլբատ» ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը հենց ԶՊՄԿ-ն է: Կ. Ճշմարիտյանի մյուս «հաջող» գործարքը «Գոլդեն փալաս» հյուրանոցն էր, որի մասին ժամանակին գրեցին ռուսական լրատվամիջոցները: Այստեղ Կ. Ճշմարիտյանը յուրատեսակ «կոմբինացիա» ծավալեց՝ համագործակցելով Քոչարյանների ընտանիքի հետ: Քոչարյանների փայաբաժինն այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Հիշեցնենք, որ այս հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին: Հյուրանոցի ֆորմալ սեփականատերն ի սկզբանե կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն էր, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Այստեղ Հայկ Ճշմարիտյանն ընդամենը ծխածածկույթ էր, որովհետեւ իրականում Կ. Ճշմարիտյանն էր դարձել համասեփականատեր:
Այս ամենից զատ՝ Ճշմարիտյանը  ունի չորս սեփական շենք՝ 417,36 քմ մակերեսով: Իր հայտարարագրած 3 005 246 դրամ աշխատավարձից բացի, նաեւ 55 հզ. ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել: Ավելացնենք. նա ունի երկու հողամաս Լոռու եւ Կոտայքի մարզերում, հասարակական նշանակության տարածք՝ 140,9 քմ մակերեսով, եւ մեկ հանգրվան՝ 42,5 քմ մակերեսով: Ունի մեկ ավտոմեքենա՝ KIA Sorento… Այս ամենին հավելենք նախորդ տարվա հայտարարագիրը՝  10 մլն 575 հզ. 722 դրամ (4 մլն 225 հզ. 722-ը՝ աշխատավարձ ԱԺ-ից եւ ԵՊՏՀ-ից, 6 մլն 350 հզ.՝ շահաբաժին եւ փոխառություն) եւ 40 հզ. եվրո (փոխառություն):
Կարեն Ճշմարիտյանի կինը՝ Նարինե Շահբազյանը, 324.36 քմ մակերեսով երեք տուն ունի: Բացի նշված տներից, ուրիշ բան չունի եւ ողջ տարում ստացել է միայն աշխատավարձ՝ 1 091 370 դրամ: Բնականաբար, այս ամենի մասին միշտ ցանկանում է լռել պարոն Ճշմարիտյանը, որովհետեւ հազիվ թե համեստ աշխատավարձով ապրողն ու նրա կինը կարողանային նման ունեցվածքի եւ դրամական միջոցների տեր դառնալ:
Նշենք նաեւ, որ երկու անգամ դառնալով ԱԺ պատգամավոր՝ Կ. Ճշմարիտյանն իրեն հեռու է պահել օրինաստեղծ գործունեությունից, նրա ձայնը խորհրդարանում լսել են բացառիկ անգամներ: Ասում են` մեկ-երկու անգամ: Դե, նրա ինչի՞ն է պետք զբաղվել պատգամավորական գործունեությամբ, երբ կան լուրջ ֆինանսական շահեր: Կարեւորն այն է, որ օգտվի պատգամավորական անձեռնմխելիությունից…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս