ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան (Սեւ հողերի) փողոցի բնակիչներն ահազանգել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ դժգոհել, որ իրենց փողոցի ասֆալտը քանդել են ու ավելի քան երեք տարի է` չեն վերականգնում: Նրանց խոսքով` անձրեւոտ եղանակին  փողոցը գրեթե անանցանելի է. մարդիկ տնից տուն գնում են միայն մեքենայով, իսկ նրանք, ովքեր մեքենա չունեն, ամբողջովին ցեխոտվում են:
«Մեր փողոցը Վարդենիս քաղաքի հրապարակից մի 100-200 մետր հեռավորության վրա է գտնվում: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է: Նախկինում ճանապարհը ասֆալտապատված է եղել, բայց հիմա՝ անձրեւների ժամանակ, կեղտոտ ու ցեխոտ է: Հնարավոր չի լինում քայլել. ցեխով ու սեւ հողով լի մեծ փոսեր են»,-ներկայացրեց բնակիչներից մեկը, որը խուսափեց ներկայանալ՝ ասելով, որ քաղաքապետարանի աշխատակիցները «կթարսվեն իր հետ»:
Բնակիչների պատմելով՝ երեք տարի առաջ «Հայջրմուղ»-ը կոյուղի անցկացնելու համար քանդել է ասֆալտը եւ կառուցել կոյուղին, իսկ այդ ամենից հետո քաղաքապետարանը հրաժարվում է փողոցն ասֆալտապատելուց:
«Վարդենիսի քաղաքապետարանից եկան ու քանդեցին ասֆալտապատված ճանապարհը, որպեսզի կոյուղի անցկացնեն: Մեր թաղը Վարդենիսի մեջ ամենալավ ասֆալտապատված թաղամասն է եղել: Քանդելուց հետո խոստացան անմիջապես կառուցել, բայց, ինչպես տեսնում եք, ավելի քան երեք տարի է, ինչ կառուցված չէ: Ավելին, էս քանի տարի է՝ ցեխի մեջ ենք ապրում: Բերեցին, կոյուղու խողովակները դրեցին, երկու-երեք մետր խորության փոսեր փորեցին եւ սեւ, կեղտոտ հողը հանեցին ու լցրեցին դրանց մեջ: Հիմա՝ անձրեւոտ եղանակին, այդ սեւ հողը դառնում է ցեխ, ու անհնար է դառնում քայլել փողոցով: Մենք աշխարհի ամենավերջին տառապանքներն ենք ունենում, երբ տանից դուրս ենք գալիս, որ մի տեղ գնանք»,-դժգոհեց մեկ այլ բնակիչ:
Դպրոց կամ մթերային խանութ գնալու համար բնակիչները ստիպված են լինում կա՛մ մեքենայով գնալ, կա՛մ էլ ամբողջովին կեղտոտվել: Նշենք, որ Մռավյան փողոցում ապրում է ավելի քան 70 ընտանիք: «Ճար չունենք: Մեր աղջիկները, քուրի՛կ ջան, մեղք են, ամեն օր ցեխի մեջ են: Մեր էրեխեքը կաբլուկները դնում են իրենց պայուսակների մեջ ու կալոշներով ստիպված երկար ճանապարհ քայլում, որ հասնեն դպրոց կամ կանգառ: Թե ինչու չասֆալտապատեցին, չգիտենք: Կամ էլ փողերը կերան: Չգիտենք, թե ինչ անենք»,-զայրացած նկատեցին բնակիչները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակից Մանուշակը խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Ջրատարը մաքրելուց հետո կառուցել ենք կոյուղին: Մեր մասով բոլոր աշխատանքները կատարվել են, իսկ ասֆալտապատումը «Հայջրմուղ»-ի պարտավորությունների մեջ չի մտնում»:
«Ժողովուրդ»-ը Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակից Սահակ Ստեփանյանից  հետաքրքրվեց, թե ինչու մինչեւ հիմա Մռավյան փողոցը չի ասֆալտապատվում: «Փողոցի բարեկարգման համար այս պահին ոչինչ չեմ կարող ասել, բայց պարբերաբար հողալցում եւ հարթեցում է արվում: Անձրեւոտ եղանակին, բնականաբար, այդ փոսալցումները չեն մնա, նույն պատկերն է լինում: Ասֆալտապատումը համայնքներում մեծ խնդիր է, երբ վերջացնենք, կսկսենք թաղամասերինը»,-ասաց Ս. Ստեփանյանը:
Հ.Գ. Բնակիչները փոխանցեցին, որ մեր զանգից հետո քաղաքապետարանից եկել եւ տրակտորով հարթեցրել են ճանապարհը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս