ՍՐԲԱՎԱՅՐՆ ԱՆՈՐԱԿ ԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի տարածքում գտնվող «Նոր Վարագավանք» վանական համալիրը նորոգվում է: Վերանորոգման գումարը տրամադրել է «Իդեալ համակարգ» խանութների ցանցի սեփականատեր Նորայր Խաչատրյանը: Որոշ տվյալներով՝ այդ նպատակով տրվել է մեծ գումար՝ շուրջ 1 միլիոն դոլար: Շինարարության պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է, վերանորոգման առաջին փուլի համար տրամադրվել է 120 միլիոն դրամ: Սակայն նորոգման աշխատանքները կատարվել են անորակ, եւ այդ առիթով Բերդի տարածաշրջանից բողոքներ են եղել: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 4-5 ամիս առաջ եւ կտեւեն մի քանի տարի: Իսկ շինարարական աշխատանքների որակի, դրա հետեւանքով նշանավոր կառույցի աղճատման մասին պնդումներին ի պատասխան էլ՝ ասաց. «Դե ճարտարապետներ են գնում-գալիս: Ես ճարտարապետությունից ի՞նչ եմ հասկանում: Տարբեր տեղերից շինարարներ կան, մեր մարզից, Եղեգնաձորից»:
Նշենք, որ 2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է վանական այդ համալիրում, քննարկել դրա նորոգման խնդիրը: Վանքը 1193-1198թթ. հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը, հետագայում՝ 1234-1237թթ., նրա թոռը՝ Վասակ Բ-ն, վանական համալիրն ընդարձակել է: Այն «Նոր Վարագավանք» անունը ստացել է հռչակավոր Վարագավանքի՝ մոնղոլների կողմից ավերվելու պատճառով: Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թ. այստեղ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում՝ Սուրբ խաչափայտի կտորը, որ բերել էին հռիփսիմյան կույսերը:




Լրահոս