ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 24-ին: Իրենց դպրոցական հուշերով ու Վերջին զանգի տպավորություններով մեզ հետ կիսվեցին դերասանուհի ԱՐՓԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ու դերասան, հումորիստ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ավարտել է թիվ 185 միջն. դպրոցը 1999թ.:
-Հետաքրքիր հիշողություններ կան՝ դպրոցի հետ կապված: Վերջին զանգի բեմադրության 70 տոկոսն ինձ վրա էր: Մի փաստ էլ նշեմ. մեր Վերջին զանգի սցենարը գրել էր Արման Սահակյանը` Գալուստ Սահակյանի տղան: Ինքը նույնպես մեր դպրոցն է ավարտել, մեր դասղեկը իր դասղեկն էլ է եղել: Ինքն էլ այդ ժամանակ ՈՒՀԱ-ի «Արդինի» թիմից էր:
Չեք պատկերացնի՝ ինչքան եմ ցավում, որ մեր ժամանակ Թաթայի «Վերջին զանգ» երգը չկար: Շատ երգիչներ են փորձել երգել դրա մասին, բայց Թաթայինը քաղցր է, ամեն անգամ, երբ լսում եմ, հիշում եմ այդ տարիները: Իսկ դպրոցն ավարտելուց հետո գնացել եմ ծառայության:
Վերջին զանգ, ավարտական երեկո: Ինչքանով որ հիշում եմ, Վերջին զանգից 2-3 օր հետո գնացել ենք մեր էրեխեքից մեկի ամառանոց, լավ կերել-խմել, քեֆ ենք արել, այդպես նշեցինք մեր ավարտական երեկոն: Դպրոցից ընկերներ ունեմ, մի 4-5 հոգու հետ կապ կա, մինչեւ այսօր հանդիպում ենք, շփվում:
Որպես աշակերտ: Դպրոցում չար եմ եղել, չսովորող: Եղբորս աղջիկը սովորում է այն նույն դպրոցում, ինչ ես: Ու մեր դասատուներից մեկն ասել է՝ էրեխե՛ք, որ լավ սովորեք, կդառնաք այն հայտնի մարդկանց պես, որոնք այս դպրոցից են դուրս եկել: Ախպորս աղջիկը հարցրել է՝ ո՞ւմ մասին եք ասում: Ուսուցչուհին տվել է իմ անունը: Էրեխեն էլ ասել է՝ բայց ինքը իմ հորեղբայրն է, ու ես գիտեմ, որ լավ չի սովորել:
Ընդհանրապես չեմ իմացել՝ քիմիա առարկան ինչ է, բայց քիմիայի դասատուն ինձ ու մյուս դասընկերոջս` Գոռին, այնքան էր սիրում, որ միշտ քառորդին հարցնում էր` ի՞նչ դնեմ: Մենք էլ 4 էինք ուզում:
Դասից փախչում էինք շուտ-շուտ: Անիմաստ բաներ էինք անում, փոշմանել եմ, որ լավ չեմ սովորել: Իրականում սովորելը լավ բան է: Երբ ավարտում էի, հուզվել չի եղել, շատ ուրախ էի, մտածում էի՝ էլ առավոտ շուտ չեմ արթնանալու, բայց մի պահ էլ տխրում էի, որ ընկերներիս չեմ տեսնելու: Դե մենք էլ ավարտելուց հետո զանգում էինք իրար, խոսում: Բայց բջջայիններ այդ ժամանակ միայն օլիգարխներն ունեին, մենք միմյանց տուն էինք զանգում, միասին իջնում բակ, ման գալիս:
Մաղթանք: Անկեղծ ասած, երեկ եմ իմացել, որ այսօր Վերջին զանգ է, կինս է ասել: Տա Աստված, որ ով ինչ երազանք ունի, իրականություն դառնա, ու ամեն մարդ աշխատի իր գործով: Այնպես չստացվի, որ կարմիր դիպլոմով ավարտածը գնա ու տոնավաճառում հագուստ կամ արեւածաղիկ վաճառի: Կանաչ ճանապարհ բոլորին, մեծ կյանքի շեմին կանգնած էրեխեքին:   

ԱՐՓԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ
ավարտել է Չարենցի անվան թիվ 67 դպրոցը 2007թ.:
-Դպրոցում լավ եմ սովորել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ չարաճճի էի, դպրոցի ակտիվիստներից էի: Շատ լավ եմ հիշում ավարտական այդ տարին, այն ինձ համար կարեւոր էր, քանի որ ես տարվա կեսից փոխեցի մասնագիտությունս: Մտածում էի ընդունվել Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, բայց հետո որոշում կայացրի ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ:   
Վերջին զանգ, ավարտական երեկո: Ակտիվ մասնակցություն եմ ունեցել վերջին զանգին: Քանի որ 10-րդ դասարանից սկսած մինչ ինստիտուտն ավարտելը սովորում էի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում, դպրոցի ուսուցիչները գիտեին այդ մասին ու ինձ երգ էին վստահել: Ես երգեցի մեր միջոցառման ժամանակ: Ավարտական երեկոն էլ նշեցինք մի ռեստորանային համալիրում, շատ ջերմ մթնոլորտում անցավ, դասարանցիներս էին, իրենց ծնողները, մեր ուսուցիչները: Դասընկերներիս հետ կապը մինչեւ այսօր պահպանվում է:
Ավարտելը հուզիչ պահ էր, բայց լաց չեմ եղել, շատ ուրախ եմ անցկացրել: Հասկանում էի, որ թեւակոխում եմ կյանքի նոր փուլ, ու դա ավելի հետաքրքիր էր: Դպրոցիս դասատուներին մինչ այսօր շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ուսումնական գիտելիքներից բացի, նաեւ կյանքի խորհուրդներ էին տալիս, դրանք ինձ պետք են եկել:
Մաղթանք: Խորհուրդ կտամ շատ ուրախ անցկացնել ե՛ւ վերջին զանգը, ե՛ւ գալիք միջոցառումն ու ջանասիրաբար պատրաստվել ուսանողական կյանքին: Բայց նաեւ` չմոռանան դպրոցի ընկերներին ու դասատուներին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս