ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԸ ՆԵՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած մայիսի 22-ին աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը դարձավ 89 տարեկան, սակայն շարունակում է համերգներով ներկայանալ իր երկրպագուներին: Մասնավորապես, օրերս շանսոնյեն համերգով ներկայանալու է բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքում: Այդ մասին հայտնել է բրազիլական «Correio do Povo» պարբերականը: Ազնավուրը կատարելու է իր մի շարք հիթեր, այդ թվում` «La BohՍme», «Que C՚est Triste Venise», «La Mamma» եւ «She» ստեղծագործությունները:
Սակայն այսօր ուզում ենք անդրադառնալ ոչ թե Ազնավուրի համերգին, ստեղծագործական գործունեությանը, այլ նրա վերաբերյալ հերթական ապատեղեկատվությանը: Երեւի ընթերցողը հասկացավ, որ խոսքը վերաբերում է որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե Ազնավուրը պատրաստվում է թուրք երեխա որդեգրել: Ընդ որում, այդ խոսակցությունները սկսվել են երկու տարի առաջ տեղի ունեցած Թուրքիայի երկրաշարժից հետո: «Շառլ Ազնավուր» հիմնադրամն անմիջապես հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է. «Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն հայտարարում է, որ շանսոնյեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համար՝ նշելով, որ «երեխան մնում է երեխա, ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, եւ, միեւնույն է, երեխան հայ է, թուրք, պարսիկ թե ֆրանսիացի»»։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հատկապես Սպիտակի ահավոր երկրաշարժից հետո մեր մեծ հայրենակիցն այնքան է օգնել Հայաստանին, որ պարզապես դժվար կլինի ինչ-որ գումար, թվեր նշելը: Եվ ընդհանրապես, Ազնավուրն արդեն շուրջ յոթ տասնամյակ իր գործունեությամբ, երգերով բարձր է պահում հայի անունը ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում, բայց… Բանն այն է, որ նա, նշանակվելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, շարունակում է ազատ արտահայտել իր մտքերը, օրինակ, մեր երկրում ահռելի չափերի հասնող արտագաղթի մասին, որը համեմատելի է ցեղասպանության հետ: Ցեղասպանության մասին այնպիսի բաներ է ասում, որ դիվանագետը չպետք է ասի: Ապա շնորհավորում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ դեռ նախագահական ընտրությունների արդյունքները վերջնական չէին… Մի խոսքով, մեծ երգչի ու մարդու համար շատ նեղ է, այսպես ասած, դիվանագետի պատմուճանը:
Շնորհավորելով աշխարհահռչակ շանսոնյեին ծննդյան օրվա առթիվ` հիշեցնենք, որ Ազնավուրը «Time» ամսագրի եւ «CNN»-ի կողմից «Դարի էստրադային արտիստ» է ճանաչվել: Իր կարիերայի ընթացքում ավելի քան հազար ստեղծագործություն է կատարել հինգ լեզուներով, այդ թվում` 150-ը` անգլերեն, 100-ը` իտալերեն, 70-ը` իսպաներեն եւ 50-ը` գերմաներեն…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս