ՉՍՏԱՑՎԱԾ ՓԱԽՈՒՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԱՆՆԱ ՊԱՆԻՆ մեր հորդորով հիշեց իր դպրոցական տարիները, անհաջող փախուստի փորձն ու ավարտական հայկական քեֆը: Աննան 2001 թվականին ավարտել է թիվ 90 դպրոցը:
-Դպրոցի վերջին դասարանում արդեն պարզ էր, որ գործերս Թատերական ինստիտուտ եմ տալու, բուռն շրջան էր, պատրաստվում էինք թե՛ ավարտական քննություններին, թե՛ Վերջին զանգի միջոցառմանը, որտեղ ես նաեւ մեծ դերակատարություն ունեցա: Բոլորս պատրաստվում էինք նոր կյանք մտնելուն, ամեն մարդ իր ընտրած ուղին ուներ:
-Ի՞նչ արեցիք Վերջին զանգի օրը:
-Շատ մոդայիկ էր, երբ Վերջին զանգի օրը դպրոցականները խմբերով գնում էին Հանրապետության հրապարակ, բայց մեզ այդ տարի թույլ չտվեցին. ե’ւ մեր ծնողներն էին դեմ, ե՛ւ մեր ուսուցիչները: Մենք գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, վերադարձանք դպրոց, նշեցինք, իսկ երեկոյան ունեցանք խնջույք, ինչքան հիշում եմ՝ աղջիկներից մեկի բակում: Հիշում եմ, որ ամբողջ դասարանով մինչ ուշ գիշեր պարում էինք: Հայկական լավ քեֆ ենք արել: Ու քանի որ որոշել էինք ուրախանալ, ինչ-որ հատուկ շորեր չէինք հագել: Սակայն Վերջին զանգի միջոցառմանն իմ առաջարկած հագուստի մոդելը հաղթեց, մենք նմանատիպ հագուստներ կարեցինք ու միանման բեմ բարձրացանք:
-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում դպրոցից:
-Իմ առաջին դպրոցը հենց մեր շենքի բակում էր: Մեր աղջիկներից մեկի խելքին փչել էր, որ մեզ ասի, թե դասատուն չի գալու: Դե որ չի գալու, ես էլ կազմակերպեցի, որ տուն գնանք: Պայուսակս վերցրի, ու մի քանի հոգով դուրս եկանք դպրոցից, մամաս մեր պատուհանից նկատեց, որ ժամից շուտ տուն եմ գալիս: Ինձ էլ կանչում է, թե ինչու եմ հիմա տուն գալիս, ասում է՝ հե՛տ գնա դպրոց: Այդ պահին էլ մեր դասատուն է գալիս ու տեսնում, որ էրեխեքը գնում են: Հիշում եմ, թե ինչպես էր մեր դասատուն դասարանի պատուհանից մեզ կանչում, մայրս էլ՝ մեր տան պատուհանից: Ստիպված վերադարձանք, այդպես էլ չստացվեց մեր առաջին փախուստը:
Դպրոցական տարիներն ամենաանհոգն են, միակ հոգսը երեւի դաս անելն է, խաղից կտրվելը: Եթե կարողանան ճիշտ կազմակերպել այսօրվա կրթական համակարգը, երեխաների մոտ էլ հետաքրքրություն կառաջանա սովորելու հանդեպ:
-Ի՞նչ կմաղթեք շրջանավարտներին:
-Այն ուրախ րոպեներն ու պահերը, որ ապրելու են այդ օրը, երբեք չմոռանան: Այդ տարիքում բոլորս էլ ցանկանում ենք շուտ մեծանալ: 12 տարի է՝ ավարտել եմ ու շատ եմ ուզում, որ այդ մանկական ուրախությունն իմ հոգում մնա: Թող չշտապեն մեծանալ: Աղջիկները չուզենան շպարվել, բարձրակրունկ հագնել, տղաներն էլ՝ ունենալ ընկերուհիներ, խմել կամ ծխել: Դրանք կլինեն ողջ կյանքի ընթացքում, իսկ մանկական զուլալ տարիներն էլ երբեք հետ չես բերի: Մենք դա շատ ուշ ենք հասկանում: Ուզում եմ, որ հիմիկվա սերունդը այդ սխալները չանի: Նոր կյանք են մտնում, թող համարձակ լինեն:




Լրահոս