Շուշանիկ Բախշյանն իմացել է, որ Մերի Մարգարյանը բարձր ջերմություն է ունեցել. Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ նոր մանրամասներ է հայտնել անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նախաքննության մասին:

Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսեւորվել է անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի կողմից վարույթն իրականացնող մարմինը գրավոր տեղեկացվել է, որ Շ.Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեւմոնիա եւ գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիեւ՝ նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրվել։ Քննիչը որոշում է կայացրել՝ Շ. Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս