
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում երեկ անցորդների համար մայթերով քայլելը փորձության նման մի բան էր դարձել: Նախօրեին տեղացած ձյունը կեսօրին հալվել էր, իսկ երեկ առավոտյան արդեն վերածվել էր սառույցի: Երեւանի քաղաքապետարանը մի շարք փողոցների մայթերի ձյունը նախօրեին չէր մաքրել, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել:
Չնայած որ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում երեկ տեղադրվեց մի տեղեկություն, ըստ որի՝ հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները, այնուամենայնիվ, փաստենք, որ երեկ առավոտյան որոշ վարչական շրջանների բակային տարածքներն ու մայթերը մաքրված չէին: Փողոցները պատված էին սառած ձյան շերտով, իսկ մեքենաները երթեւեկում էին զգուշությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: