Տեղի է ունեցել «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2009թ. թիվ 725-Ն որոշման մեջ փոփոխություններ ներկայացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի 2016 թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Խաչիկ Հակոբյանը ներկաների հաստատմանն է ներկայացրել նիստի օրակարգը, որում եղել է երկու հարց` ոլորտի իրավական դաշտի կարգավորման խնդիրները և Գյումրու կենդանաբանական այգու արջերի և առյուծների խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը:
Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը տեղեկացրել է, որ շրջանառվող լուծումներից մեկով առաջարկվում է մշակել Կենսաբազմազանության մասին օրենք, որում նախատեսվում է միավորել ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր և կանոնակարգել նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման գործառույթները: Աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հրավիրված իրավաբան-փորձագետ Մերի Խաչատրյանն առաջարկել է վայրի կենդանիներին կիսաազատ և անազատ պայմաններում պահելու խնդիրը կանոնակարգել առանձին օրենքով, ինչը կուժեղացնի ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունները` ոլորտի կարգավորման և վերահսկման նպատակով:
Քննարկման արդյունքում օրենսդրական փոփոխություններ կատարելու համար ենթախմբեր ձևավորելու և իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները գրավոր ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Անդրադառնալով Գյումրու կենդանաբանական այգու արջերի և առյուծների խնդիրներին` փոխնախարար Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ հունվարի 22-ին երկու արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի` բուժզննման և վերականգնման` հետագայում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով և Բրիջիդ Բարդո հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Ռումինիայի կենդանաբանական վերականգնողական կենտրոն տեղափոխելու նպատակով: Աշխատանքային խմբի անդամ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի Ուրցաձորի տեղամասում երկշաբաթյա ժամկետում կավարտվեն վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքները, ուր էլ ժամանակավորապես նախատեսված է տեղափոխել Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծներին:
Աշխատանքային խմբի անդամ, «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը ներկայացրել է նախաձեռնության կատարած աշխատանքների ընթացքը և արդյունքները: Տեղեկացվել է, որ խմբի ակտիվիստները շարունակում են հանգանակված գումարներով սնունդով ապահովել առյուծներին: Որոշվել է առյուծների սննդակարգը մինչև կենդանիների տեղափոխումը համաձայնեցնել Երևանի կենդանաբանական այգու մասնագետների հետ:
Քննարկումների արդյունքում որոշվել է կենդանիներին օգնելու և տեղափոխելու գործընթացը համաձայնեցված և համակարգված իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Աշխատանքային խմբի ղեկավար Խ. Հակոբյանը նիստի ավարտին կրկին շեշտել է խնդրի համակարգային լուծմանն ուղղված արմատական քայլերի կարևորությունը: