ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ստիպված են «այս գլխից» բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ. Սերժ Սարգսյանը չի շտապում բացել իր խաղաքարտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կոալիցիայի կազմավորման լուրերը չնայած հաստատվեցին, սակայն կողմերը դեռ չեն շտապում դրա ստորագրման եւ կոնկրետ ձեւաչափի մասին հայտարարել: Ավելին՝ հանրապետականների անորոշ խոսքերը վկայում են, որ կոալիցիայի կազմավորման հետ կապված խոչընդոտները դեռեւս լիարժեք հաղթահարված չեն:

Առաջին հայացքից թվում է ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիայի, նույն է թե՝ քաղաքական «ամուսնության» ձգձգման միակ պատճառն այն է, որ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ պորտֆելների շուրջ: Սակայն, եթե խոչընդոտները պայմանավորված լինեին միայն պորտֆելներով, ապա կողմերը շատ արագ այն կհանգուցալուծեին: Այս կոալիցիան նախորդներից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե ընտրություններից հետո, այլ առաջ է ձեւավորվելու: Իհարկե, տեսականորեն կողմերը կարող էին ժամանակավոր կոալիցիա ձեւավորել, ասենք մինչեւ 2017-ի սկիզբը՝ պայմանավորվելով, որ եկող տարվա ԱԺ ընտրություններից առաջ կոալիցիան լուծարվելու է: Այդ դեպքում կոալիցիայի անդամները խորհրդարանական ընտրություններին պետք է առանձին-առանձին մասնակցեն: Սակայն այդ դեպքում ներկա քաղաքական «ամուսնությունը» մեղմ ասած, իմաստազրկվում է:

Այսինքն՝ կոալիցիայի շուրջ բանակցություններում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ստիպված են «այս գլխից» բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ: Ստացվում է, որ Դաշնակցությունը ՀՀԿ-ից ցանկանում է հավաստիացումներ ոչ միայն ներկայի, այլ նաեւ ապագայի վերաբերյալ: Սակայն մյուս կողմից ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը չի շտապում ՀՀԿ-ի ապագայի վերաբերյալ իր խաղաքարտերը բացել: Մասնավորապես, նա չի հստակեցնում, թե ում է ինքը տեսնում անցումային վարչապետի պաշտոնում, այսինքն՝ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո, մինչեւ 2018-ի ապրիլը: Մյուս կողմից, եթե կոալիցիայի մեջ մտնող ուժերը ԱԺ ընտրություններին մասնակցելու են միասնաբար, ապա ինչ սկզբունքով է կազմվելու նրանց համատեղ համամասնական ցուցակը: Ակնհայտ է մեկ բան՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իշխանությունն ինչ-որ մեկի փոխանցել, նա ցանկանում է մնալ իշխանության ղեկին նաեւ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Այդ իսկ պատճառով անձամբ է ՀՅԴ-ի հետ բանակցությունները վարում: Իսկ ՀՀԿ-ի վերնախավը տեղեկանում է միայն պատրաստի արդյունքների մասին:

Այս տեսանկյունից միակ «բացառությունը» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ նա նույնպես կոալիցիոն բանակցություններում հանդես է գալիս որպես առանձին կողմ, բայց ոչ թե իր պաշտոնի կամ ՀՀԿ-ում ունեցած դիրքի բերումով, այլ որպես ԲՀԿ-ի «սեփականատեր»: Այլ կերպ ասած՝ կոալիցիայում ԲՀԿ-ի ներկայացվածության ձեւի մասին բոլոր հարցերով որոշումները կայացնում է Հովիկ Աբրահամյանը: Եթե անգամ նա ԲՀԿ-ում որեւէ մեկին ինչ-որ բանի մասին տեղեկացնում էլ է, ապա այդ շրջանակը սահմանափակվում է միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանով եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանով: Սակայն նրանք իրենց հերթին ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկին ոչինչ չեն հայտնում: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ կոալիցիայի վերաբերյալ հարցերին ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը չի կարողանում ինչ-որ բան ասել: Մյուս կողմից էլ ԲՀԿ ներսում, ինչպես միշտ, խնդիր է. կան կոալիցիայի կողմնակիցներ եւ դեմ հատված: Դրա համար էլ այսօր որեւէ մեկը հստակ չի կարող ասել՝ իրենց կուսակցության մասնակցությամբ կոալիցիա է ձեւավորվելո՞ւ, թե ոչ:

Միայն հայտնի է, որ այս պահին ԲՀԿ-ին դեռ ՀՀԿ-ում որեւէ կոնկրետ առաջարկ չի արվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ենթադրվում է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ անորոշ մնացած բոլոր հարցերի շուրջ հստակություն կլինի եւ կհայտարարվի կոալիցիոն հուշագրի կամ համագործակցության այլ ձեւաչափի մասին:
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն նախարարական պորտֆելներից ցանկանում է ստանալ ՀՀ տարածքային կառավարման, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները: Մասնավորապես, ենթադրվում է, որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին բաժանվելու է երկու առանձին նախարարությունների: ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կշարունակի պաշտոնավարել որպես արտակարգ իրավիճակների նախարար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը կտրվի ՀՅԴ-ին, եւ վերջինիս կողմից այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը:

Այսպիսով՝ երկու նախարարի պորտֆել, երկու մարզպետի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները կանցնեն Դաշնակցության տիրապետության տակ: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ԱԱԽ պաշտոնում նշանակվելու է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս