Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված վերոնշյալ ծրագրով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:
Հանդիպմանը մասնակում էին JICA-ի փորձագետները և ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները: Քննարկումը վարում էր ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում JICA-ի փորձագետները ներկայացրեցին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ և Շիրակի մարզի Առափի համայնքների սողանքավտանգ տեղամասերում տեղադրված մոնիթորինգի սարքավորումների միջոցով մեկ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Քննարկվեցին նաև փետրվարին Ճապոնիայից ժամանող գնահատման խմբի հետ պլանավորվող հանդիպումները և ծրագրի իրականացման հետագա ընթացքը:
«Սողանքային աղետի կառավարում» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում սողանքային աղետի պատճառած վնասի նվազեցումը` սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով: