ՕՐԵՆՔՈՎ «ՓՐԿԻՉ», ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պետության արդյունավետ կառավարման բոլոր հնարավոր կառույցներն ունի, բայց փաստ է, որ այդ մարմիններն իրենց գործառույթները չեն կատարում, ինչի ապացույցը Հայաստանում ստեղծված վիճակն է: Նորմալ պետական կառավարում ունեցող երկրի տնտեսությունը չի կարող այնպիսի խղճուկ վիճակում հայտնվել, ինչպիսին Հայաստանի տնտեսական կացությունն է, եւ, որ ամենակարեւորն է, նորմալ պետական կառավարում ունեցող երկրից նրա քաղաքացիները գլխիկոր չեն փախչում:

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մենք բոլորս սովորաբար մեղադրում ենք իշխանության ղեկավար դեմքերին, քանի որ Հայաստանի ունեցվածքը եւ տարիները մսխող խմբավորման պարագլուխը նրանք են: Բայց կարծում ենք՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուներին եւս չի կարելի մոռացության մատնել:
Հայաստանի տնտեսական կյանքում առանցքային դերակատարություն ունեցող պետական կառավարման մարմիններից մեկը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է: Տեսեք՝ ինչ վեհ բաներ են գրված այս ՏՄՊՊՀ-ի կայքում. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով ազատ տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը»: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակը բոլորը կապում են երկրում առկա տնտեսական մենաշնորհների հետ, ապա ստացվում է, որ այս հենց հանձնաժողովը պետք է լիներ Հայաստանի «փրկիչը»:
Սակայն գործնականում այս կառույցը դարձել է ձեւական մի մարմին, որի մասին Հայաստանի բնակչությունը վաղուց մոռացել է: Բայց այնպես չի, որ հանձնաժողովը իրեն չխնայելով՝ գործունեություն է ծավալում, բայց ոչ ոք այդ մասին չի իմանում: Բավական է այցելել ՏՄՊՊ հանձնաժողովի կայք եւ դուք միանգամից կզգաք այն «անդարդությունը», որով այս կառույցն ապրում է: Նորությունների բաժինը թարմացվում է ամիսը կամ մի քանի ամիսը մեկ: Կայքի մի քանի բաժինները գտնվում են հավերժ «մշակման» փուլում եւ ոչ մի տվյալ չեն պարունակում, որոշումների շտեմարանը 2013 թվականից այս կողմ չի թարմացվել, նիստերի եւ դրանց օրակարգերի մասին բաժիններն ընդհանրապես չեն գործում եւ այսպես շարունակ:
Տեղեկացնենք, որ տարեկան այս կառույցի պահպանման համար պետբյուջեից հատկացվում է մոտ 300 մլն դրամ: Կասկածից վեր է, որ եթե հենց վաղն էլ այս հանձնաժողովը փակեն, ապա դրանից Հայաստանը մազաչափ անգամ չի տուժի: Ավելին՝ եթե այս կառույցը լուծարվի, ապա պետբյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ կխնայի, որի մի մասը գուցե հնարավոր կլինի ծախսել պետության իրական կարիքները հոգալու համար:
ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի մասին մամուլը սովորաբար երկու դեպքում է հիշում, երբ նրա անունը սկսում է շրջանառվել ինչ-որ տնտեսական «ռազբորկաների» շրջանակներում, կամ այլ կերպ ասած՝ երբ որեւէ ընկերություն սկսում է բողոքել նրա կողմից իր սեփական տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով պաշտոնական լիազորություններ օգտագործելու դեմ: Կամ էլ Շաբոյանն ի հայտ է գալիս, երբ ՀՀ վարչապետը նրան հանձնարարում է հանրությանը մի քանի «դրական լիցքեր» հաղորդել: Նման հանձնարարականները, որպես կանոն, տրվում են այն ժամանակ, երբ Հայաստանում ինչ-որ ապրանքատեսակների գնանկում է արձանագրվում: Օրինակ՝ բոլորը նկատել են, որ 2015-ի դեկտեմբերին նախորդ` 2014-ի համեմատ, մթերքի մի շարք տեսակների գները համեմատաբար ցածր էին: Շաբոյանի գլխավորած «կանտորան» այս փաստն օգտագործելու առիթը բաց չթողեց եւ անմիջապես տեղեկագիր հրապարակեց: Իսկ այն փաստը, որ Հայաստանում գործող գները աշխարհում ամենաբարձրերից են, նույն Շաբոյանը եւ նրա գլխավորած հանձնաժողովը տարիներ շարունակ չնկատելու են տալիս: Դե, ինչպես նկատեն, եթե նման «սխալ» թույլ տան, ապա մեկ օր անգամ իրենց տաքուկ պաշտոնին չեն մնա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Փետրվարի 14-ից հանրապետությունում կմեկնարկի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի իրականացման գործընթացը: Ըստ այդմ` Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները կմիավորվեն մեկ՝ Տաթեւ համայնքում, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները` Դիլիջան համայնքում եւ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները՝ Թումանյանում: Նշված գյուղերի բնակիչները համապատասխանաբար ընտրելու են Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքների ղեկավարներին: Լոռու մարզում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Թումանյանի համայնքապետի պաշտոնին հավակնում է Թումանյանի ներկայիս քաղաքապետ Լեւոն Զավարյանը, ով, ի դեպ, ՀՀԿ մարզային Մոտկորի տարածարջանի ղեկավարն է:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանի հետ:
-Պարո՛ն Զավարյան, Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Իմ թեկնածությունը որոշել է ՀՀԿ-ն առաջադրել: Թե ինչ արդյունք կլինի, տեղյակ չեմ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ընտրություններից հետո ի՞նչ պատկեր է ստեղծվելու գյուղերում:
-Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Մարդիկ ավելի շատ մտահոգվում են տեղեկանք ստանալուց, բայց նման բան չկա: Հիմա բոլոր գյուղապետարաններում համակարգիչներ են տեղադրված, եւ ամեն բան արագ կլինի:
-Դուք պատրա՞ստ եք մի քանի գյուղ միաժամանակ ղեկավարել…
-Խնդիրները շատ են լինելու: Այդ գյուղերի բնակիչները սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, էլ չեմ խոսում անբարեկարգ ճանապարհների մասին: Իհարկե, ես փայտիկի մեկ հարվածով չեմ կարող այդ խնդիրները վերացնել, բայց կաշխատեմ այդ ուղղությամբ: Ես բոլոր գյուղերի խնդիրները 5 մատիս պես անգիր գիտեմ:
-Այս ընտրություններում ՀՀԿ-ն Ձեզ կաջակցի՞:
-Եթե չաջակցի, բա՞ էլ ինչու է իմ թեկնածությունը առաջադրել (ծիծաղում է-Ս.Հ.):
-Տեղյա՞կ եք՝ այլ կուսակցություններից թեկնածուներ առաջադրվելու են:
-Առայժմ խոսակցության մակարդակով կան, բայց կառաջադրվեն, թե ոչ, տեղյակ չեմ: Գուցե՞ հաշվարկեն եւ տեսնեն, որ իրենց ուժերը չեն բավարարում:
-Պարո՛ն Զավարյան, Թումանյանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը ՀՀԿ-ականներ են, տեղեկություններ կան, որ նրանց հրահանգվել է Ձեր օգտին ձայներ հավաքել: Ի՞նչ կասեք:
-Էս որ թիվն է, որ մարդուն ստիպեն: Ընտրությանը հանձնաժողովում գիտե՞ք, թե ընդդիմադիր կուսակցության քանի անդամ է լինելու: Ո՞վ կարող է ում ստիպել, նրա մտքին ինչ կա, գնալու է ու դա էլ անի: Ես խորհրդարանական ընտրությունների ժամանակ 84 տոկոս էի տվել, իսկ սահմանադրական հանրաքվեին՝ 60: Հո՞ ստիպելով չի:
Հ.Գ. Ի դեպ, փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված թվով 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ` ՀՀԿ` 15-ական, ԲՀԿ` 10-ական, ՀԱԿ` 3-ական, ՀՅԴ` 2-ական, ՕԵԿ` 2-ական, «Ժառանգություն»` 2-ական:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ
Մինչ աշխարհում նավթամթերքների, մասնավորապես բենզինի գինը էժանանում է, Հայաստանում պաշտոնյաները անհեթեթ հայտարարություններ են անում բենզինի մեջ նավթի բաղադրիչի փոքր լինելու մասին: Հունվարի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մի բնակիչ իր ավտոմեքենայով մոտ 30 կմ ճանապարհ անցնելով՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում բենզինով լիցքավորել է իր ավտոմեքենայի 40 լիտր տարողությամբ բաքը եւ մեքենայի բեռնախցում գտնվող 20 լիտր տարողությամբ բենզինի տարան: Նա յուրաքանչյուր լիտր բենզինի համար վճարել է 260 դրամին համարժեք լարի, 60 լիտրի համար՝ 15 հազար 600 դրամին համարժեք գումար: Եթե այդ 60 լիտր բենզինը գներ Հայաստանի տարածքում, պետք է վճարեր 24.600 դրամ: Այսպիսով, նոյեմբերյանցին խնայել է 9 հազար դրամ: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները, հատկապես Բագրատաշենի ենթաշրջանում ապրողները, հաճախ են օգտվում Վրաստանում էժան բենզինով ավտոմեքենաները լիցքավորելու հնարավորությունից: Դրա համար նրանք Բագրատաշենի մաքսակետով անցնում են Սադախլո: Նշենք, որ ավտոմեքենաների տերերի մեծ մասը մեքենաներում գազի սարքավորումներ է տեղադրել, որպեսզի մեքենաները համեմատաբար էժան վառելիքով աշխատեն: Վրաստանում, այդ թվում՝ ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում, բենզալցակայանների մի մասը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին: Հայաստանի բնակիչները իրենց ավտոմեքենաները Վրաստանում լիցքավորելով՝ հարստացնում են ոչ միայն Վրաստան պետությանը, այլեւ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք դրսեւորող Ադրբեջանին: Մնում է հիշել, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր Մեղրիում իրանական էժան նավթով աշխատող նավթազտարան կառուցել:

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱՂԲԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
Տավուշի մարզում բազմաթիվ աղբավայրեր կան, որոնք աղտոտում են բնությունը: Միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Իջեւան քաղաքի աղբավայրը փչացնում է մարզի զբոսաշրջային իմիջը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, որ նախկինում նախատեսվում էր Դիլիջանի տարածաշրջանի աղբը վերամշակել Լոռու մարզում, Սպիտակում: Մարզպետն ասաց, որ այդ ծրագիրը կյանքի չի կոչվի, քանի որ կենցաղային աղբը Դիլիջանից Սպիտակ տեղափոխելու համար մեծ ծախսեր են պահանջվում, ինչը ոչ նպատակահարմար է դարձնում այդ գործը: Հ. Աբովյանն ասաց, որ նպատակ կա ստեղծել Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջանների կենցաղային աղբը վերամշակող ձեռնարկություն: Մարզպետի խոսքերով՝ սակայն աղբ վերամշակող գործարանը շահույթով աշխատեցնելու համար այդ տարածաշրջանների կենցաղային աղբի քանակությունը բավարար չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս