Հանրապետության հրապարակը կվերակառուցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթ: Մրցույթի մասին լուրը արդեն բուռն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում:
Մրցույթի հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
Մրցույթի նպատակը՝
Ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով հետևյալ իրողությունները.
– հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով,
– Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները,
– հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են
– կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան,
– ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Ցանկալի է, որպեսզի մասնակիցների կողմից ներկայացվող առաջարկությունները լինեն հնարավորինս իրատեսական, ներառելով վերը նշված պայմաններն ու քաղաքաշինական այն հիմնախնդիրները, որոնք ակնառու են և ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:
Մրցույթին մասնակցության պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ: Հայեցակարգային նախագծերի իրականացման համար նախատեսվում է նաև ուղղակի պայմանագրեր կնքել այն ճարտարապետական արվեստանոցների հետ, որոնք ունեն քաղաքային համալիրների և կարևորագույն կառույցների նախագծման իրական փորձ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն որոշակիորեն ձևավորելու մրցույթի մասնակցային կազմը, այլև իրական երաշխիքներ ստեղծել՝ լուրջ արդյունքներ ակնկալելու խնդրում:
Մրցութային նախագծերի ներկայացման ձևաչափը՝
Մրցութային նախագծերը ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Գրաֆիկական մասը ներկայացվում է ազատ, այն անհրաժեշտ ծավալով, ինչը լիարժեք բացահայտում է հայեցակարգի հիմքում դրված մտահղացումները, ներառելով՝ գլխավոր հատակագիծը, ճակատների փռվածքները, կտրվածքները, անհրաժեշտության դեպքում՝ առանձին դրվագները, եռաչափ գծապատկերները և այլն: Պայմանագրային հիմունքներով մրցույթին մասնակցող ստեղծագործական արվեստանոցները պարտադիր կարգով նախագծային առաջարկությունը ներկայացնում են նաև մանրակերտով՝ 1:400 մասշտաբով:
Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները՝
Մրցութային աշխատանքների սկիզբը սահմանվում է 2013 թվականի մայիսի 29-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոսի 29-ը, մինչև ժամը 17.00-ն, հետևյալ հասցեով՝ Երևան, Հանրապետության հր. Կառավարության տուն 3, առաջին հարկ – ճարտարապետության թանգարան, հեռ.՝ 52 96 30 :
Մրցույթի համար անհրաժեշտ ելակետային նյութերը՝
Մրցույթի համար անհրաժեշտ ելակետային նյութերը մասնակիցները կարող են ձեռք բերել այցելելով Երևանի քաղաքապետարանի www. Yerevan.am պաշտոնական կայք: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 094 79-30-90 հեռախոսահամարով:
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը՝ Մրցույթային նախագծերի քննարկումն ու արժևորումը իրականացնում է մրցութային հանձնաժողովը, հետևյալ կազմով.
Մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Սարգսյան
Մրցութային հանձնաժողովի անդամներ՝
Ռուզան Ալավերդյան, Արև Սամուելյան, Հրաչ Պողոսյան, Մկրտիչ Մինասյան, Գուրգեն Մուշեղյան, Սաշուր Քալաշյան, Յուրի Սաֆարյան, Արթուր Մեսչյան
Հանձնաժողովի քարտուղար՝ Աշոտ Հակոբյան




Լրահոս