ՄԵՆՔ ԱՍԵԼ ԵՆՔ, ՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին շուրջ 4 ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստի արդյունքում հանրապետականներն այդպես էլ չկարողացան հանգել որոշման նոր կոալիցիա ձեւավորելու եւ դրանում ՀՅԴ-ին ընդգրկելու հարցի շուրջ: Ու թեեւ դաշնակցականների հավանությունը, ըստ էության, արդեն իսկ բարձրաձայնվել էր կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի կողմից, այդուհանդերձ, ՀՀԿ-ականները, փաստորեն, չշտապեցին գրկաբաց ընդունել ՀՅԴ-ին: Պատճառն, ըստ որոշ լուրերի, դաշնակցականների ներկայացրած պահանջներն են:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիա վերադառնալու դիմաց պահանջում է երկու մարզպետի եւ երկու նախարարի պաշտոններ, ինչն էլ, հավանաբար, շտապ որոշում կայացնելուց հետ պահեց հանրապետականներին: Ի տարբերություն դաշնակցականների՝ ԲՀԿ-ականները կոալիցիա վերադառնալու եւ դրա դիմաց իրենց պահանջների մասին առայժմ ոչինչ չեն ասում:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԲՀԿ քաղխորհրդի համակարգող Աբրահամ Մանուկյանի հետ` պարզելու համար, թե ինչու է ԲՀԿ-ն այս հարցում պասիվություն դրսեւորում:
-Պարո՛ն Մանուկյան, ինչպես տեղյակ եք` ներկայումս ակտիվորեն քննարկվում է նոր կոալիցիայի ձեւավորման հարցը եւ ՀՅԴ ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ արված առաջարկը «սկզբունքորեն» իրենց համար ընդունելի է: Սակայն չնայած դրան` ՀՀԿ-ի վերջին ԳՄ նիստում հանրապետականներն այդպես էլ հստակ որոշման չհանգեցին: ԲՀԿ-ին կոալիցիա վերադառնալու առաջարկ արվե՞լ է:
-Մեզ նման բաներ չեն ասվել: Այս պահի, այս ժամի, այս րոպեի դրությամբ մեզ համագործակցության առաջարկություններ չեն արվել:
-Այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի ապագա գործունեությունը, շարունակելո՞ւ եք գործել ընդդիմադիր դաշտում:
-Փետրվարյան նիստերից առաջ մենք, ըստ երեւույթին, կուսակցությունով հանդիպում կունենանք եւ կուսակցության ղեկավար կազմով, քաղխորհրդի անդամներով կորոշեք:
-Այսինքն՝ հնարավոր է, որ կուսակցական հանդիպումների ընթացքում որոշում կայացվի, որ այլեւս ընդդիմադիր դաշտում չեք շարունակելու գործե՞լ:
-Ես նման բաներ ասեցի՞: Նման բաներ չասեցի: Ասեցի՝ կհավաքվենք, որոշում կկայացնենք մեր այս տարվա անելիքների մասին: Մենք ասել ենք, որ ընդդիմադիր դաշտում ենք գործում եւ կորոշենք, թե ինչպես ենք շարունակելու այս տարվա մեր գործունեությունն իրականացնել: Մեզ մոտ ընդհանրապես անհատական որոշումներ չեն կայացվում: Մեզ մոտ միայն կոլեգիալ որոշումներ են կայացվում:
-ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ՀՀԿ-ական Ձեր գործընկերները որեւէ բան ասե՞լ են Ձեզ:
-Ո՛չ, որեւէ բան չեն ասել: Ես տեղյակ չեմ:
-Պարո՛ն Մանուկյան, տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար մի շարք նախապայմաններ է ներկայացրել: Մասնավորապես ՀՅԴ-ականները ցանկանում են 2 նախարարի եւ 2 մարզպետի պաշտոններ ստանձնել: Արդյո՞ք ԲՀԿ-ն եւս ունի նման պահանջներ, եւ արդյո՞ք այդպիսիք ներկայացրել եք ՀՀԿ-ին:
-Եթե դեռ ընդհանրապես առաջարկություններ չկան պահանջների մասին, ինչպես կարող ենք խոսել: Դեռ չկա նման բան, գուշակություններով չտառապենք, էլի:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ վերջերս ԲՀԿ-ն պասիվություն է ցուցաբերում:
-Այդպիսի բան չկա: Մեր կուսակցությունը եւ կուսակցական ընկերները, տարածքային կառույցները, կենտրոնական գրասենյակը իր բնականոն գործունեությունը շարունակում է, ինչպես անցած տարիներին` 2015 թվականի հունվարին, 2014 թվականի հունվարին, նույն ձեւով շարունակում ենք: Պասիվության մասին ոչ մի խոսք չի կարող լինել, մենք մեր աշխատանքները բնականոն հունով տանում ենք:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ԲՀԿ անդամները ե՞րբ են վերջին անգամ հանդիպում ունեցել, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել: Շատերի պնդմամբ` ԲՀԿ-ն ներկայումս ֆինանսավորում է հենց Հովիկ Աբրահամյանը:
-Այս հարցի վերջին ձեւակերպմանը ես բազմիցս անդրադարձել եմ, եւ մեկ անգամ եւս կկրկնեմ, որ նման բան չկա: Լրիվ հերյուրանք է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինքնաֆինանսավորվում է: Կուսակցության ֆինանսավորումը կազմակերպվում է մի քանի պատգամավորների կողմից: Դեռ մենք մտածում ենք գործող 68 տարածքային գրասենյակների թիվը այս տարվա մեջ ավելացնելու, ընդհուպ եռապատկելու մասին: Իսկ թե վերջին անգամ երբ ենք հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ, իմ իմանալով անցած տարի` ուղղակի ընդհանուր հավաք է եղել սեղանի շուրջ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՈՒ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ ԱՄՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջիկայում պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց նաեւ վերջինիս եղբայրը` Սերգեյ Աբրահամյանը, որը եւս օրերս Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից ստացավ մուտքի արտոնագիր` վիզա:

«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Արա Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սերգեյ Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ եք մեկնում ԱՄՆ, արդյո՞ք այդ այցը քաղաքական կամ բիզնես-գործունեության հետ կապ ունի:
-Չէ՛, չէ՛, եղբորս կինը, աղջիկները, ընկերներ ունենք այնտեղ, տուրիստական, բարեկամական գնում ենք:
-Իսկ Ձեր եղբայրը` Արա Աբրահամյանը եւս տուրիստական նպատակներով է գնում:
-Մեկը մյուսի հետ կապ չունի, բայց, այո՛, ինքն էլ է առաջիկայում գնալու: Չէ՛, ուղղակի ստացվում է այնպես, որ առիթ կա, ու մի քանի բարեկամներով իրար հետ կլինենք:
-Արա Աբրահամյանի նոր կուսակցություն ստեղծելու մտադրությունը եւ, առհասարակ, հայաստանյան քաղաքական դաշտում գործունեություն սկսելը լուրջ քննադատությունների առթիվ դարձավ, ի՞նչ եք մտածում այս մասին:
-Ինքը շատ հայրենասեր է, ով մոտիկից ճանաչում է, գիտի դա, իր ցանկությունն է, որ մեր հարենիքը լինի բոլոր հայերի համախմբան կենտրոնը, որ ոչ թե գնան, այլ հավաքվեն: Ուրիշ երկրորդական, երրորդական բան չեմ կարող ասել:
-Իսկ ինչո՞ւ հենց հիմա նա որոշեց հայրենիքի «փրկությամբ» զբաղվել:
-Արդեն Հայաստանը այն վիճակում է, որ հիմա իր նպատակը մեկն է. բոլորին համախմբի, որ բոլորն իրենց հնարավորությամբ նպաստեն, եւ այս վիճակից դուրս գանք:
-Հաշվի առնելով քաղաքական դաշտի, ինչպես նաեւ հասարակության տրամադրվածությունը՝ ըստ Ձեզ` նրա այս քաղաքական ձեռնարկը կհաջողվի:
-Գիտեք, հասարակության մի մասը ամեն ինչի մեջ փնտրում է բացասականը, դա ճիշտ մոտեցումը չէ, պետք է տեսնել դրականը, ինքը ուզում է լավ բան անել:
-Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք օգնել նրան քաղաքական գործեունեության մեջ:
-Այո՛, եթե որոշի, իհարկե, որպես եղբայր՝ կօգնեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԴՊՐՈՑԻ ՕԼԻԳԱՐԽ ՏՆՕՐԵՆԸ
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2013 թվականին, իր դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի բողոքի հիման վրա, պարզվում է՝ դպրոցի տնօրեն լինելուց բացի՝ նաեւ բիզնես-գործունեությամբ է զբաղվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տան սեփականատերն է: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց դպրոցի տնօրենից. «Ով է Ձեզ տվել իմ համարը, ես չունեմ Ձեզ հետ պայմանավորվածություն, որ Դուք ինձ զանգահարեք եւ անձնական բնույթի հարց տաք, տվե՞լ եմ Ձեզ նման իրավունք: Միայն դա չի իմ սեփականությունը, որ լավ հետաքրքրվեք, ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը, հետո կզանգահարեք, կպատասխանեմ»:

 

ՏՈՆՈՒՍՑԻՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ
«Ժողովուրդ»-ը «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիներից տեղեկացավ, որ բնակարանատերերի պայմանագրերն արդեն պատրաստ են, եւ դրանք արդեն ուղարկվել են բանկ: Այս առիթով տուժած բնակարանատերերը պատրաստվում են առաջիկայում գնալ «Արցախբանկ» եւ պահանջել իրենց հետ կնքել պայմանագրեր: Ի դեպ, բնակիչները հայտնեցին նաեւ, որ ավելի քան չորս ամիս է, ինչ շենքը գտնվում է «Աշոտշին» ընկերության ենթակայության տակ է, որպեսզի այն ավարտին հասցվի: Հիշեցնենք, որ տվյալ ընկերությունը 2015 թվականին է ստացել շինարարության թույլատվությունը: Ըստ բնակարանատերերի՝ բանկի ղեկավարությունը միտումնավոր է ձգձգում գործընթացը եւ խախտում իրենց հետ ունեցած գրավոր պայմանավորվածությունը:

 

3.8 ՄԼՐԴ-Ի ՆԵՐԴՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2016 թվականի ներդրումային ծրագիրն է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ՀԾԿՀ-ն պատրաստվում է հունվարի 27-ին համաձայնություն տալ այդ ծրագրին: Խոստացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ 809 մլն դրամ: Նշված գումարը ծախսվելու է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ «Զովունի» ենթակայանի վերակառուցում՝ 2 մլրդ 441 մլն դրամ, շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 1 մլրդ 368 մլն 71 հազար դրամ: Իսկ, ահա, 2016 թվականին իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով եւ կկիրառվի տարեկան 4 տոկոս մաշվածության նորմա, մնացորդային արժեքի նկատմամբ յուրաքանչյուր տարի կկիրառվի 10 տոկոս շահույթի նորմա` մինչեւ հարկումը: Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետական է, եւ նրա եկամուտները գոյանում են էներգետիկ ոլորտի ընկերություններին մատուցած ծառայությունների դիմաց ստացվող վճարումներից:




Լրահոս