Հայաստանի քաղաքական դաշտը գնալով սկսում է ավելի ու ավելի ակտիվ նախապատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, եւ, ինչպես միշտ, այս նախընտրական փուլում եւս քաղաքական ուժերի մեծ մասը սկսել է դիրքավորվել` փորձելով տեղ զբաղեցնել արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքական ուժերի շարքում:
Հայաստանի քաղաքական ուժերի բաժանումը արեւմտամետի եւ ռուսամետի ցայտուն արտահայտվում է վերջին 15 տարիներին: Ավելին՝ այդ բաժանումն առավել ցայտուն դարձավ 2004-2005 թվականներին Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո: Ռուսական քարոզչությունը պնդել եւ պնդում է, որ գունավոր հեղափոխությունները տեղի են ունեցել արեւմուտքի անմիջական աջակցությամբ: Արդյունքում՝ Հայաստանի ընդդիմադիրներից շատերը սկսեցին ներկայանալ իբրեւ արեւմտամետ քաղաքական ուժեր` հույսով, որ գուցե արեւմուտքը մի օր իրենց «չարչարանքները» նկատի եւ հայկական գունավոր հեղափոխությամբ իրենց դարձնի իշխանություն: Սակայն բոլոր այդ սպասումները երբեւէ չարդարացան, եւ արեւմտամետները ստիպված են ամեն անգամ ականատես լինել, թե ինչպես է իրենց հույսի աղբյուր արեւմուտքը ընտրությունից ընտրություն գործարքի գնում ՀՀ իշխանությունների հետ` աչք փակելով Հայաստանում կիրառվող ռեպրեսիանների, այդ թվում նաեւ ցուցարարների գնդակահարությունների վրա:
Բայց դա չէր խանգարում, որ մինչեւ 2012 թվականը Հայաստանի ընդդիմադիրները շարունակեն դիրքավորվել արեւմտամետի դիրքերում: Իսկ 2012-ի աշնանը, երբ արդեն թվում էր, թե անխուսափելի է, որ ՀՀ իշխանությունները կստորագրեն ասոցացման համաձայնագիրը, Հայաստանի ընդդիմության մի մասը սահուն անցում կատարեց ռուսամետության դաշտ` իրեն դաշնակից վերցնելով իշխանական քաղաքական ուժերից մեկին, որն այդ ժամանակ զրկվել էր նախկինում տնօրինած իշխանական լծակների մի մասից: Հաշվարկը շատ պարզ էր. Ռուսաստանը ՀՀ իշխանությունների վրա զայրացած է: Նման պայմաններում եթե Հայաստանի ընդդիմությունը կարողանար ՌԴ ղեկավարությանը համոզել, որ ինքն ավելի հավատարիմ գործընկեր կլինի, ապա կկարողանա հյուսիսային արջի օգնությամբ դառնալ ՀՀ իշխանություն: Այս սցենարն այնքան իրատեսական էր թվում, որ դրա իրագործմանը լծվեցին նաեւ նախկինում ուղնուծուծով արեւմտամետ կուսակցության համարում ունեցող քաղաքական ուժերից մի քանիսը:
Ինչպես ավարտվեց այս գործընթացը, բոլորը հիշում են. նախ՝ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում մտափոխվեց եւ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին, իսկ հաջորդած երկու տարիներին ՀՀ իշխանություններն ընդդիմության այդ հատվածին, կարելի է ասել, ոչնչացրեցին:
Շուրջ տասնհինգ տարվա դառը պատմական փորձից հետո Հայաստանի ընդդիմադիրների մի մասը այսօր էլ շարունակում են քաղաքական դաշտում «…մետերի» դաշտերում դիրքավորվել: Նրանք այդպես էլ չեն փորձում մեկ պարզ հարցի պատասխանել՝ ինչու բոլոր տեսակի «…մետերին» չի հաջողվում իշխանության գալ, ինչպես է ստացվում, որ լինի Ռուսաստանը թե Արեւմուտքը, միեւնույն է՝ երբեւէ գործող իշխանությունների շահերին լուրջ չեն հակառակվում: Ավելին՝ իրականությունն այն է, որ ցանկացած «…մետություն» ուղղակի օդ ու ջրի պես պետք է ՀՀ գործող իշխանություններին: Քաղաքական ուժը ռուսամետ թե արեւմտամետ կլինի, էական չէ, «…մետությունն» այդ ուժին հնարավորություն չի տա Հայաստանի զարգացման իրական ծրագրով հանդես գալ: Իսկ նման պայմաններում որեւէ քաղաքական ուժ չի կարողանա ՀՀ քաղաքացիների շրջանում գաղափարական լայն աջակցություն ունենալ, ինչը նրան անհրաժեշտ է իշխանություն դառնալու համար: «…Մետությամբ» տառապող ընդդիմադիր քաղաքական ուժերը լավագույն դեպքում կարող են ակնկալել, որ մարդիկ իրենց կսատարեն՝ հանուն իշխանություններին ոչ ասելու համար: Սակայն իշխանությունների «ինադու» քաղաքական աջակցությունը շատ կարճ եւ ոչ հետեւողական է լինում: Հենց այս պատճառով էլ մեկը մյուսին հաջորդած ընդդիմադիր շարժումները միշտ իշխանափոխությունից «հինգ պակաս» վիճակում են եղել եւ այդպես էլ չեն կարողացել վերջնական հաջողության հասնել:
Ի դեպ, «…մետությամբ» տառապող ընդդիմադիրներին անվանական անդրադառնալուց ձեռնպահ ենք մնում, որպեսզի վերը գրվածը չընկալվի իբրեւ որեւէ քաղաքական ուժի հակաքարոզչություն: Մյուս կողմից էլ չի կարելի չխոսել հայկական ընդդիմադիրների «հիվանդության» մասին, քանի որ այն տարիներ շարունակ մսխում է մեկը մյուսին հաջորդող քաղաքական ուժերին, արդյունքում Հայաստանից եւս մի «կտոր» է պոկվում` արտագաղթող քաղաքացիների տեսքով:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծննդկան 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան գործով առաջիկայում նոր մանրամասներ հայտնի կդառնան: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015 հուլիսի 27-ին: Անցած տարվա նոյեմբերի 6-ին դատաբժշկական փորձաքննության հանձնաժողով է ստեղծվել՝ կազմված 17 բժիշկներից: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ծննդկանի մահվան գործով եզրակացությունն արդեն ներկայացրել է իրավապահներին, եւ այն ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվում է: Առաջիկայում հայտնի կդառնա՝ արդյո՞ք հանձնաժողովը բժշկական սխալ գտել է, թե ոչ: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որի մոտ կինը հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է:
ՏԱՐԲԵՐ ՁԵՎԱՉԱՓԵՐՈՎ
Նախօրեին՝ հունվարի 21-ին, տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին, որի ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ստեղծելու-չստեղծելու հարցը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առայժմ կոալիցիոն համագործակցություն չի լինելու, եւ դրանք այլ ձեւաչափ կունենան: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից փորձեց պարզել, թե այլ ձեւաչափի համագործակցություն ասելով ինչ է ենթադրվում: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ պատգամավորն ասաց. «Քաղաքականության մեջ իրավիճակային փոփոխություններ են լինում, եւ տարբեր ձեւաչափով համագործակցություններ տարբեր ուժերի մեջ հնարավոր է: Այսինքն՝ կախված է քաղաքական այն իրավիճակից, որում ապրում ենք: Իսկ քանի որ անընդհատ դինամիկ զարգացումներ ենք ապրում, ամեն ինչ հնարավոր է: ՀՀԿ-ն միշտ բաց է եղել տարբեր ուժերի հետ համագործակցելու համար, պարզապես դրանք տրամաբանության շրջանակներում պետք է դիտել»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՀԱՅՑԻ ԳՈՐԾՈՎ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի ֆինանսական խնդիրներին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Երեւանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար եւ 94 միլիոն 523 հազար դրամ: Այս դատական վեճի շրջանակներում Մանուկյանի գույքի վրա արգելանք է դրվել: Պարզվում է՝ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել է, որ գործի շրջանակներում իրականացվի դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն: Դատավորը՝ Նելլի Գալստյանը, միջնորդությունը բավարարել է: Ավելին՝ նշանակված փորձաքննությունների պատասխանն արդեն ներկայացվել է դատարան: Իսկ թե ինչ հետեւանք կունենա այդ եզրակացությունը եւ ինչպես կազդի այս դատավարության ընթացքի վրա, ցույց կտա ժամանակը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՓՍՈՍԱՆՔՆԵՐ
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ափսոսանք հայտնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ:
«Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար», – ասված է պատվիրակության հայտարարությունում: Հիշեցնենք, որ մինչ այդ Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ իր ափսոսանքն էր հայտնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
ՔԻԹՆԵՐԴ ՄԻ՛ ՄՏՑՐԵՔ
Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել կոչով` ուղղված ԵԽԽՎ-ին` չանել քայլեր, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները։
«Մենք հասկանում ենք, որ Վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձեւեր եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափը։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների դրսեւորած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չանել քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբին տրված մանդատը կամ էլ բարդացնել ընթացող բանակցությունները»,- երեկ հայտարարել են համանախագահները։
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ
ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով: Խոսքը կործանիչների եւ AWACS համակարգերով համալրված հետախուզական ինքնաթիռների տրամադրման մասին է: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի մասնակցում Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։
ԵՐԿՈՒ ՕՐՈՎ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրով իր հաշվին արձակուրդ է վերցրել։ Թե որն է վարչապետի այդ որոշման պատճառը, հայտնի չէ:
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ
«Չափազանց կարեւոր է, որ հայերը վստահեն հաջորդ ընտրություններին, մենք, որպես ՀՀ-ի միջազգային գործընկերներ, պատրաստ ենք մեր առաջարկությունները ներկայացնել Ընտրական օրենսգրքի հետ կապված եւ ամբողջովին աջակցելու ենք ԵԱՀԿ առաջարկություններին: ՀՀ իշխանությունների հետ առաջիկա մեր բոլոր հանդիպումների ժամանակ շեշտելու ենք կարեւորությունը, որպեսզի հաշվի առնվեն եվրոպական հաստատությունների կողմից արված առաջարկությունները»,- անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին` երեկ հատարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվտալսկինն: