Երեկ Ազգային ժողովում կարկտահարության վնասների հետ կապված լսումների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե կառավարությունը հաշվարկել ու պարզել է, որ կարկուտը արմավիրցիներին պատճառել է 23 միլիարդի վնաս, սակայն իրենք գյուղացիներին հատկացնելու են ընդամենը 2-3 միլիարդի աջակցություն` սերմացուի եւ դիզվառելիքի տեսքով: Այսինքն՝ արդեն երեկ պարզ դարձավ, որ կարկտահարությունից տուժած գյուղացիների հույսերը, թե պետությունը նրանց կրած վնասների գոնե մի մասը կփոխհատուցի, վերջնականապես ի դերեւ եղան: Եվ ահա հենց երեկ էլ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպել է… չզարմանաք` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` յուր մարզային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել»: Թե ինչպիսի քայլեր կարող է անել ՀՀ ոստիկանությունը` աջակցելու տուժած հողագործներին, անհասկանալի է: Փոխարենը միանգամայն հասկանալի է, թե ինչպիսի ճնշումների կարող է գնալ ոստիկանությունը` կասեցնելու համար արմավիրցիների բողոքի ցույցերը, այդ թվում` մայիսի 28-ին Սերժ Սարգսյանի առաջ Սարդարապատի ճանապարհը փակելը: Եվ քանի որ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանին չհաջողվեց մեղմել գյուղացիների զայրույթը եւ ապահովել մայիսի 28_ին Ս. Սարգսյանի անխոչընդոտ այցելությունը Սարդարապատի հուշահամալիր, որոշվել է գործի դնել Վլադիմիր Գասպարյանի «համոզելու տաղանդը», որը վերջին շրջանում դրսեւորվում է բավականին անսպասելի իրավիճակներում. մե՛կ նա Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթք է անում ընդդիմության ղեկավարի հետ, մե՛կ Սեւան-Երեւան մայրուղու վրա բանակցում է զոհված զինծառայողի ծնողների հետ, հիմա էլ, փաստորեն, ոստիկանապետը ձեռնամուխ է եղել հողագործների հոգսերի թեթեւացմանը: «Վլ. Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանպարհով լուծելու մտայնությունից, եւ գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլեւ գործնականում օգնել դրանց լուծմանը»,-ասված է նույն հաղորդագրությունում: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե գործնականում ոստիկանապետերն ինչպես են օգնելու գյուղացիներին. ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` ահա այդպես է անում հայրենի կառավարությունը, որ «խիյարը թարս է բուսնում», իսկ կարկուտն էլ ծեծած տեղը ծեծում:
ԱՅՍՏԵՂ, ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ