ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի կայքէջում հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգարժա՛ն վանաձորցիներ, կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ: Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով եւ հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ռուսաստանում քաղաքական իրավիճակի վրա լրջորեն ազդել է Պուտինի վախը դավաճանությունից»,-ՌԴ նախագահի մասին իր գրքում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի լրագրողուհի Նատալյա Գեւորգյանը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուրի մեջ դավաճան տեսնելու որակը Պուտինի մեջ ձեւավորվել է դեռ ՊԱԿ-ում աշխատելու տարիներից: Ըստ Գեւորգյանի՝ այժմ «Պուտինի տակի հողը տատանվում է», նրա վարկանիշը կազմում է 57 տոկոս: Դա շատ նորմալ է ժողովրդավարության համար, բայց պուտինյան համակարգում դա ընտրազանգվածի անցանկալի կասկածների ակնարկ է: Դավաճանության ցավոտ թեման Պուտինը քննարկել է նաեւ Գեւորգյանի հետ զրույցում: «Ես միայն մի քանի մտերիմ մարդիկ ունեմ: Նրանք երբեք չեն դավաճանել ինձ, եւ ես էլ երբեք չեմ դավաճանի նրանց»,-խոստովանել է Պուտինը:

ԵԽԽՎ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում 2013թ. մայիսի 31-ին նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Այդ առթիվ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԲՈԼՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՀՔԾ նախկին պետը news.am-ին խոստովանել է, որ պաշտոնանկությունն իր համար անսպասելի է եղել, այդ մասին իմացել է, երբ համապատասխան հրամանագիրը ստորագրվել է: «Ես իմ աշխատանքին նվիրված մարդ եմ եղել, ամբողջ կյանքում սիրել եմ իմ աշխատանքը, իմ 35 տարվա քննչական աշխատանքային փորձը նվիրված է եղել մեր պետության, պետականության կառուցմանը, ես նվիրված եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նվիրված եմ եղել Քոչարյանին, առավել եւս` նվիրված եմ եղել Սերժ Սարգսյանին…  թող նոր եկողները լրացնեն այն, ինչ ես չեմ կարողացել, իսկ նախագահի հրամանագիրը մտքովս չի անցնում քննարկել»,-նշել է նա` հերքելով այն տեղեկությունները, թե իր պաշտոնանկությունը կապված է զինվորի սպանության դեպքի հետ:




Լրահոս