«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Հայկական կանոնավոր բանակը հիմնադրվեց 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում: Հայկական զինված ուժերը կարողացան ազատագրել Արցախը եւ հակառակորդին պարտադրեցին զինադադարի համաձայնագիր մուրալ: Եթե հայկական բանակը հաջողության չհասներ, դժվար է ասել՝ այսօր Հայաստանից ինչ մնացած կլիներ: Ուստի փառք ու պատիվ եւ հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին: Ցավոք, զինադադարին հաջորդած տարիներին եւս հայ զինվորները ստիպված են իրենց կյանքը զոհել՝ Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար:
Սակայն պատերազմին հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունների ապաշնորհ կառավարման եւ անընդհատ ծանրացող սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում ՀՀ քաղաքացիները երբեմն մոռացության են մատնում մեր բանակի նվաճումները: Ոմանք էլ խուսափում են իրենց զավակներին բանակ ուղարկելուց: Հուսանք, որ ինչպես տարիներ առաջ հայ զինվորը պատերազմի դաշտում հաղթեց, մոտ ապագայում էլ քաղաքացին կհաղթի հավասար հնարավորությունների երկիր կառուցելու գործում, որպեսզի հայկական բանակում ծառայելը ցանկացած հայ տղամարդու համար դառնա պատվի խնդիր: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր:
Հ. Գ. 5-րդ էջում ներկայացված են պետական բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ծառայել հայոց բանակում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: