«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ Շուշանիկ Բախշյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում: Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել: Նա վերջին օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Նշենք, որ բժշկուհու հիվանդանոց տեղափոխվելը մի շարք հարցականներ առաջ քաշեց, թե, օրինակ, ինչպես հունվարի 23-ին ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հայտնվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում եւ անձամբ Շուշանիկ Բախշյանին տեղափոխեց հիվանդանոց: Գլխավոր ինֆեկցիոնիստը պարզաբանել էր, որ իրեն անձամբ էին հրավիրել հենց դատարանից: Եվ այսպես, Արա Ասոյանի դատարան գնալու հարցը, ըստ ամենայնի, նաեւ բազմաթիվ հարցականներ է առաջացրել ՀՀ առողջապահության նախարարի մոտ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Արա Ասոյանին հրավիրել է իր մոտ եւ փորձել հասկանալ, թե ում զանգով եւ ինչպես է նա հայտնվել դատարանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ասոյանն ասաց, որ ինքն այդ քայլին գնացել է, որպեսզի հետագայում իրեն չմեղադրեն անփութության ու անուշադրության մեջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: