Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար:

Հայոց փառապանծ բանակը անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն:

Բանակի ստեղծման ու կայացման, նրա շարունակական զորացման ու բարգավաճման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Դուք արել և անում եք հնարավորը հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման ու նպատակների իրականացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի»:




Լրահոս