Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարզի Հովնունի համայնքում յուրացում եւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Պարզվել է, որ Հովնունի համայնքի ղեկավարը 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել եւ յուրացրել է: Բացի այդ, նույն ժամանակահատվածում համայնքապետը կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու համար համայնքի ավագանու ակնհայտ կեղծ որոշումներ, կեղծել ավագանու անդամների ստորագրությունները, հաստատել դրանք եւ դրանց հիման վրա գյուղապետարանի դրամարկղից ելքագրել առանձնապես խոշոր չափի գումար: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանից: -Պարո՛ն Միրիջանյան, ի՞նչ կասեք Ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին: -Առայժմ ես որեւէ մեկնաբանություն չեմ տա, կգա ժամանակը` կտամ: -Այսինքն՝ ինչ-որ բացահայտումնե՞ր կանեք: -Անպայման: -Հնարավո՞ր է՝ այնպիսի բացահայտումներ անեք, որոնց արդյունքում պարզվի, որ Դուք անմեղ եք եւ ոչինչ չեք յուրացրել: -Այո՛: -Բայց վստա՞հ եք, որ այն, ինչ ներկայացնում է դատախազությունը, իրականությանը չի համապատասխանում: -Չի համապատասխանում, այս պահի դրությամբ թե մեր դատախազությունում ինչ է նշված, այդ ամենից տեղեկություն չունեմ: -Դուք ո՞ր կուսակցության անդամ եք: -Էդ էլ չեմ ասի: -Ինչո՞ւ, պետական գաղտնի՞ք է: -Չեմ ասի, անկուսակցական եմ: -Կարո՞ղ է՝ քաղաքական հետապնդում կա Ձեր նկատմամբ: -Չէ՛, չէ՛, նման բան չկա: -Այդ դեպքում ինչո՞ւ չեք խոսում, վախենո՞ւմ եք: -Առայժմ բան չեմ ասի: Հ.Գ. Ուսումնասիրելով համայնքապետի կենսագրությունը` պարզեցինք, որ նա ԲՀԿ անդամ է, սակայն, չգիտես ինչու, գերադասում է ներկայանալ որպես անկուսակցական: