Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,
այսօր մենք տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը: Բանակ, որը, լինելով մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ստեղծման օրվանից 24 տարի անց արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ու վստահորեն ապահովում է ոչ միայն մեր հայրենիքի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը: Հաղթանակած մեր բանակի տոնը նաև ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ, Հայոց բանակի հարգարժան վետերաններ և ազատամարտիկներ,
տոնական այս օրը շնորհավորելով բոլորիդ, քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով եմ մաղթում ձեզ: Համոզված եմ, որ այսուհետ ևս, պատվով ու հպարտությամբ կրելով հաղթանակած բանակի զինվորի ու սպայի կոչումը, նույն անսասան վճռականությամբ շարունակելու եք կատարել ձեր պարտքը հայրենիքի նկատմամբ՝ հանուն խաղաղության, հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության և բարօրության»:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ




Լրահոս