ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված Փափազյան փողոցի նորակառույց շենքի բնակիչները ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Հիշեցնենք, որ ավելի քան 155 բնակիչներ դեռեւս 2006-ին պայմանագիր էին կնքել «Տոնուս» ընկերության հետ, վճարել բնակարանի համար նախատեսված գումարները եւ մինչեւ 2010թ. սկզբին ակնկալում էին ստանալ իրենց բնակարանները: Անցել է արդեն յոթ տարի, եւ հիմա բնակիչները պահանջում են իրենց բնակարանները:
Նշենք, որ կնքված պայմանագրերի համաձայն՝ բնակարանների հանձնումն ուշացնելու դեպքում ընկերությունը պարտավորվում է քաղաքացիներին օրական վճարել ընդհանուր գումարի 0,01 տոկոսը: Փափազյան շենքի բնակիչներից երգիչ Արթուր Իսպիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Հանդիպել ենք ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի հետ, եւ նա մեզ տեղեկացրեց, որ  այս մեկ ամսվա ընթացքում «Տոնուս»-ն իր դիմումի համաձայն պետք է սնանկ ճանաչվի, իսկ դրան հաջորդող երկու ամիսների ընթացքում կառավարության միջամտությամբ հարցը դրական լուծում կստանա, եւ բնակիչներն էլ իրենց բնակարանները կստանան»:
Ավելի ուշ տեղեկացանք նաեւ, որ «Տոնուս»-ի կողմից խաբված մյուս՝ Դավթաշենի երկրորդ թաղամասի նորակառույց շենքի ավելի քան 100 բնակարանատերեր բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի նստավայրի, ապա  ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ:
Շահառուներից մեկը՝ Զոյա Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Նախագահի նստավայրի նամակների եւ բողոքների բաժնից ասացին, որ նախագահը տեղյակ է խնդրին, եւ հաջորդ շաբաթվա ընթացքում նորությունների մասին կտեղեկացնեն: Իսկ Ազգային ժողովի համապատասխան բաժնից հայտնեցին, որ նիստերից մեկում կքննարկվի խնդիրը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս