ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՌԱՋԱՐԿ
Գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության համար ստեղծված հանցավոր խմբի անդամ լինելու մեջ կասկածվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ Վարուժան Քարիմյանի  երկու տղաները՝ 12-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտներ, մայիսի 10-ին իրենց հոր ձերբակալությունից հետո 2 օր դպրոց չեն հաճախել, որից հետո Բերդավանի դպրոցի ուսուցիչները երեխաներին հորդորել են դասերին մասնակցել: Բերդավանի բնակիչները «Ժողովուրդ»-ին ասացին, որ մոտ 2 տարի առաջ Վարուժան Քարիմյանը  համագյուղացիներին ասել է, թե ազատամարտի տարիներից իր վաղեմի ընկեր Սարգիս Զազյանը (որը եւս կասկածվում է հանցախմբի անդամ լինելու մեջ) իրեն Իսպանիա տեղափոխվելու եւ նրան պատկանող հյուրանոցում աշխատելու առաջարկ է արել: Վ. Քարիմյանն ասել է, թե ինքը մերժել է Զազյանին, քանի որ իսպաներեն չգիտեր եւ չէր կարող օտար միջավայրում հարմարվել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ռաֆիկ Մադոյանի հետ անբարյացկամ հարաբերությունների պատճառով Հովհաննես Ղամարյանը դիմել է իր ընկեր Սարգիս Զազյանին եւ Դավիթ Զիրոյանին՝ Մադոյանի սպանությունը կազմակերպելու համար, ինչի դիմաց նրանց խոստացել է 500 հազար ԱՄՆ դոլար եւ առանձնատուն Իսպանիայում: Համաձայն նույն հաղորդագրության՝ 2012թ. հոկտեմբերին Ս. Զազյանը դիմել է ընկերոջը՝ Վ. Քարիմյանին՝ առաջարկելով ամսական 1000 դոլար վճարի դիմաց լրտեսել Ռ. Մադոյանին: Այդ ծառայության դիմաց Քարիմյանը  ստացել է 3000 ԱՄՆ դոլար վարձատրություն:

Ո՞ՒՐ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Նախկինում հայտնել ենք, որ մայիսի 15-ին Տավուշի մարզպետի որոշմամբ կրճատվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 28 աշխատակից: Պատճառը բուժհիմնարկի ունեցած պարտքերն են: Կրճատված աշխատողները գրավոր բողոքով դիմել են մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակ: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Աշոտ Գյոզալյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ կրճատված հաստիքների ցանկը հաստատվել է   Տավուշի  մարզպետարանում ստեղծված մասնագիտական խմբի կողմից: Մեր աղբյուրները հայտնեցին, որ մայիսի 22-ին կրճատված աշխատողներից 5 հոգի, ապա մայիսի 23-ին եւս 5 հոգի հանվել են կրճատվածների ցուցակից: Այս տեղեկության հավաստիությունը ստուգելու համար զանգահարեցինք Աշոտ Գյոզալյանին: Նա ասաց, որ ի սկզբանե կրճատվողները եղել են ոչ թե 28, այլ 18 հոգի, այդ 28 թիվը ներառում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվողներին, նաեւ ընտանեկան բժշկի գործունեություն ծավալած աշխատակցին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի՝ մայիսի 14-ի թիվ 52-Ա որոշումը, որի հիման վրա կրճատվել են Նոյեմբերյանի ԲԿ-ի հաստիքները, մարզպետարանի ինտերնետային կայքում (www. Tavush. gov.am) տեղադրվել է առանց հավելվածի, ուր պետք է նշված լինեին կրճատվող հաստիքները: Իսկ այժմ թիվ 52-Ա որոշումն էլ է հանված մարզպետարանի կայքի «Իրավական ակտեր» բաժնից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս