Արթուր Վարդանյանը մինչ այդ մի քանի հանդիպումներ է ունեցել ռադիոյի աշխատակիցների հետ. «Ռադիո Մարիամը» հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, որ, որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի Երևանում բացահայտված զինված հանցախմբի քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և կալանավորված անձանց հետ:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը վստահեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներ որոշակի անճշտություններ են հրապարակել ռադիոկայանի վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների գործին։ Քրեական գործի առնչությամբ որպես մեղադրյալ էին ներգրավվել և կալանավորվել նաև «Ռադիո Մարիամ»-ի հիմնադիրներից մեկը, ով նաև ՌՄ հաղորդումների գլխավոր խմբագիրն է`Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ինչպես նաև` ՌՄ-ի աշխատակցուհի և ծրագրերի համակարգող Լիլիթ Թորոսյանը: Արթուր Վարդանյանը մինչ այդ մի քանի հանդիպումներ է ունեցել ռադիոյի աշխատակիցների հետ և մի քանի հարցազրույց հեռարձակել, ինչպես նշում են ռադիոկայանից՝ հայրենասիրական թեմաներով:

««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»,-նշված է ռադիոկայանի տարածած հաղորդագրության մեջ:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից վերսկսել է իր բնականոն աշխատանքային օրակարգը, սակայն առայժմ մեծամասամբ հաղորդումների կրկնություններով: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

Այս պահին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանը և Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ են արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը հանդիսանում է համաշխարհային “World Family of Radio Maria” ընտանիքի անդամ` սկսած 2012թ-ից: Նույն ռադիոընտանիքի անդամ են աշխարհի շուրջ 70 երկրներում գործող «Ռադիո Մարիա» կայանները, որտեղ նրանք ունեն շուրջօրյա հեռարձակում:




Լրահոս