Մայիսի 18-ին հերթական անգամ անցկացվեց «Թանգարանային գիշեր» միջոցառումը, որի ընթացքում պարզվեց, որ որոշ թանգարաններ գտնվում են, մեղմ ասած, ոչ ներկայանալի վիճակում:
Թեեւ ամիսներ առաջ կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, սակայն 1977թ. բացված Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հիմնանորոգումն այդպես էլ չի իրականացվում: Առաջին անգամ տուն-թանգարան այցելողները կնկատեն մուտքի մոտ տեղադրված, հարակից տարածքում գործող գրավատան` մեծ չափերով ցուցանակը ու հավանաբար կդժվարանան ընդհանրապես թանգարանը գտնելու հարցում: Դա ընդգծեց նաեւ տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը. «Շատ դժվար են գտնում տեղը: Մենք ստիպված ենք լինում գնալ, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից դիմավորել մեր այցելուներին»: Այցելուի աչքից հաստատ չեն վրիպի նաեւ տուն-թանգարանի պատերի ճաքերն ու շենքի ավելի բարձր հարկերում ապրող բնակիչների տներից հոսած ջրերի հետքերը: «Պետք է տուն-թանգարանի առջեւի տարածքն ազատվի, ու Դեմիրճյանի արձանը դրվի: Այստեղ արձան կանգնեցնելու մասին քաղաքապետի որոշումն արդեն կա: Մենք մտածում ենք, որ արձանը պետք է լինի ներկայիս հուշասյան տեղում, իսկ հուշասյունն ուզում ենք տեղադրել այն երկու ծառերի արանքում, որոնք իր ձեռքով տնկել է Դեմիրճյանը»,-նշեց թանգարանի վարիչը:
Արդեն մի քանի անգամ ՀՀ մշակույթի նախարարությունը քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել թանգարանի հիմնանորոգման հայտը, իսկ ձգձգումների պատճառը, Կ. Ռաֆայելյանի համոզմամբ, ֆինանսների սղությունն է. «Սակայն, դատելով այն շահագրգիռ մոտեցումից, որ վերջին շրջանում տուն-թանգարանի խնդիրների նկատմամբ ցուցաբերում են թե՛ Գրականության եւ արվեստի թանգարանի, թե՛ մշակույթի նախարարության պատասխանատուները, կարելի է սպասել հարցի մոտալուտ լուծմանը»: Իբրեւ լավատեսության հավաստիք՝ թանգարանի վարիչը վկայակոչեց այն փաստը, որ տուն-թանգարանի առջեւի ծառուղին մասնակիորեն ազատագրվել է կրպակներից, էտվել են բակի ծառերը, հեռացվել են աղբամանները, տեղադրվել է նստարան. «Այն խնդիրները, որ առկա են եղել երկու-երեք տասնամյակ, սկսել են լուծվել: Հուսանք, որ առաջիկայում կլուծվեն նաեւ տուն-թանգարանի հիմնանորոգման եւ դրա առջեւ Դերենիկ Դեմիրճյանի արձանը կանգնեցնելու հարցերը»:
Իսկ «Թանգարանային գիշեր»-ին տուն-թանգարանը մասնակցել է երեք միջոցառումով: Աբովյան փողոցի անցորդներին բաժանվել են տուն-թանգարանի մասին պատմող բուկլետներ, որոնք պատրաստվել են Եվրամիության ֆինանսավորմամբ, «Աբուլ» մշակութային ՀԿ-ի եւ տուն-թանգարանի ջանքերով: «Ագուլիս» տիկնիկային թատրոնում ներկայացվել է Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: Կայացել է «Ոչ ֆորմալ կրթությունը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում» խորագրով սլայդ-շոուի շնորհանդեսը:
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉԸ ԼԱՎԱՏԵՍ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ