ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցչի հայտարարությունը «լավագույն կերպով» արտացոլում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էռնեստն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է Reuters-ը:
Այն մասին, որ ՌԴ նախագահը կոռումպացված է, հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության աշխատակից Ադամ Շուբինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունն այդ մասին վաղուց գիտի:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է նա (Պուտինը) հարստացնում իր ընկերներին, իր մոտ դաշնակիցներին և բացառում նրանց, ովքեր իր ընկերները չեն և պետական պաշտոններ չեն զբաղեցնում: Լինի դա Ռուսաստանի էներգետիկ հարստությունը, թե այլ պետական պայմանագրեր, ինձ համար դա կոռուպցիա է»,-հայտարարել է Շուբինը՝ Պուտինի մասին BBC-ի ֆիլմի համար հարցազրույցում:
Ֆիլմի թողարկումից հետո Կրեմլը Շուբինի հայտարարությունը զրպարտություն է անվանել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան