Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է 90-ականների մութ ու ցուրտ Հայաստանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պատմության ընթացքում տարբեր ժամանակներ են եղել, սակայն դրանցից մեկն առաձնահատուկ տեղ է զբաղեցնում: Չնայած այդ ժամանակաշրջանը, ըստ պատմական չափանիշների, կարճ է տևել՝ 3-4 տարի, սակայն խորը հետք է թողել մի քանի սերունդի կյանքում՝ բաժանելով «առաջի» և «հետոյի»: 1992-ից 1995 թվականները տարբեր անվանումներով են բնորոշվել՝ «սովի», «ցրտի» կամ «վատ» տարիներ: Սակայն ամենատարածված և ընդգրկուն արտահայտությունը «մութ տարիներ»-ն էր:

Փորձեք ցանկացած երևանցու մոտ արտաբերել «մութ տարիներ» արտահայտությունը, և ժպիտն անմիջապես կանհետանա նրա դեմքից: Այդ մի քանի տարիների ընթացքում ՝ 1992-1995, Հայաստանը վերապրեց իր թվացյալ «վախճանը»:

Երբ 1991թ. ամռանը Հայաստան դադարեց մուտք գործել բնական գազը, քչերն էին կարծում, որ այդ կենցաղային խնդիրը առաջիկա ծանր ցնցումների ընդհամենը առաջին օղակն էր: Լուրերն այն մասին, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում, տարակուսանքով և անգամ հեգնանքով էին ընդունվում: Սակայն իրադարձություններն ավելի վատ ընթացք ստացան, քան ենթադրվում էր:

Խորհրդային միության փլուզման հետևանքով՝ խափանվեցին տնտեսական և տրանսպորտային կապերը, ընդհանուր էներգետիկ համակարգը: Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի պատճառով Հայաստանը շրջափակման մեջ էր հայտնվել: Ադրբեջանի կողմից արգելափակվել էր երկիր մուտք գործող գազի տարանցիկ մատակարարումը, սառեցվել էր երկաթուղին. Ադրբեջանի տարածքով անցնող ուղեբեռն ուղղակի չեր հասնում Հայաստան: Թուրքիան պաշտոնապես հայտարարեց հարավային կողմից Հայաստանի շրջափակման մասին՝ փակելով սահմանը և կտրելով ցամաքային ու օդային կապերը:

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կոնֆլիկտներն անհնար էին դարձնում նաև Վրաստանի միջոցով Ռուսաստանի հետ կապը: Միակ տրանսպորտային ուղղությունը վրացական Փոթի նավահանգիստն էր, որը ֆիզիկապես ի վիճակի չէր ապահովել Հայաստանին անհրաժեշտ ամեն ինչով: Հայաստան դադարել էր մուտք գործել գրեթե ամեն ինչ՝ սնունդ, հացահատիկ, ալյուր, հումք և այլն: 1990-ին դադարեց գործել հայկական ԱԷԿ-ը. ՋԷԿ-երը զրկվեցին մազութից և գազից: Էներգետիկ աղետն անխուսափելի էր:

Էլեկտրականություն.

mda

1992թ. հունվարից սկսվեցին էլեկտրաէներգիայի «հովհարային անջատումները»: Ժողովուրդը ստիպված էր բավարարվել օրական 1 ժամ էլեկտրաէներգիայով, երբեմն էլ՝ հարմարվել դրա շաբաթներ տևող բացակայությանը: Այսպիսի պայմաններում հայ ժողովուրդն ապրեց ավելի քան 2 տարի:

Այդ տարիների գյուտերից մեկը ձեռագործ «կերոսինե լապտերիկն» էր (50 մլ), որի արձակած լույսը լուցկու հատիկի լույսից անգամ քիչ էր, սակայն բավարար էր մթությունը մի փոքր ցրելու համար:

90-ականների Հայաստանը, կարծես, հեթանոսական էր դարձել. «խոնարհվում» էր լույսին: Այսօր էլ դեռ բոլորի հիշողություններում վառ է այն պահը, երբ էլեկտրաէներգիայի միացման պահին մի ամբողջ թաղամասի մանուկներ վանկարկում էին. «Ուռա՜: Լույսերը տվեցի՜ն»,- որին հաջորդում էր 23 ժամվա մթությունը:

Դաս չջեռուցվող դպրոցում.

mda-1

Այդ դժվարին տարիներին հայ ժողովուրդը խնդրի լուծման օրիգինալ միջոցներ էր ձեռնարկում: Ոմանք մոտակա թաղամասերից անօրինաբար հոսանք էին «գողանում» և ևս մեկ ժամ օգտվում էլեկտրականությունից: Մյուսներն ավտոմեքենայի մարտկոցներն էին հանում: Սակայն այդ մեթոդները քչերին էին հասու: Հայաստանի բնակչության մեծ մասն այդ երեք անվերջանալի տարիներն անց է կացրել կատարյալ մթության մեջ:

cb98bb84a8da2fa40d5ad3e1778

Էլեկտրաէներգիայի և գազի բացակայությունն առաջ էին բերում մի շարք խնդիրներ, որոնցից կարևորագույնը օրվա ճաշի խնդիրն էր: Ինչպե՞ս եփել: Անհրաժեշտ էին փայտի վառարաններ:

Ցուրտ.

9f77a7228b52b4ad4e916b82025_prev

1992-1993թթ. ձմեռը նման էր լայնածավալ աղետի: Չկար ջեռուցում, էլեկտրական և գազի վառարաններն անիմաստ էին առանց գազի և էլեկտրականության: Այդ տարվա ձմեռն անռանձնահատուկ ցուրտ էր. օդի ջերմաստիճանը երկար ժամանակ չէր բարձրանում -25 աստիճանից: Բնակարաններում սառում էին ջրի խողովակներն ու կոյուղին: Բազմաբնակարան շենքերի բնակիչներն ամեն կերպ տաքացնում էին խողովակները, այդպիսով խուսափելով վթարներից: Հարկերում հերթապահներ էին նշանակվում, որոնք ապահովում էին խողովակների անդադար տաքացումը:

Ցուրտը դարձել էր իսկական պատուհաս և խլում էր մարդկային կյանքեր:

46fe65f8a1afa17a5a664b52726

Որպես հումանիտար օգնություն` բնակչության անապահով հատվածներին նավթ էր տրամադրվում: Մյուսների միակ ելքը փայտի վառարան ձեռք բերելն էր, որն այնքան էլ հեշտ չէր: Իսկ վառելափայտ կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար ոչ ոք չեր նախապատրաստել: Երևանն ինքը սկսեց այրվել վառրաններում…

Այդ ժամանակաշրջանում ամեն ինչ դասակարգվում էր մի սկզբունքով՝ այրվում է, թե` ոչ: Վառարաններում սկսեցին այրվել  քաղաքի բոլոր ծառերն ու այգիները, բնակարանների դռներն ու պատուհանները, գրքերն ու ամսագրերը, երեխաների փայտե խաղալիքներն ու կոշիկները: Գրքերի և ծառերի մասսայական այրումն անգամ չէր կարող երկարատև տաքություն ապահովել բնակարաններում:

c89022981e054a1c2399ec4e657_prev

Քնելիս անհրաժեշտ էր լինում տաք հագնվել և գլխարկ կրել: Օգնության էին հասնում նաև տաք ջրով լի շշերը, որոնք տաքացնում էին անկողինը: Առավոտյան այդ ջուրը դեռ գոլ վիճակում էր լինում և կարելի էր լվացվել:

Լողանալը դարձել էր տոնական արարողություն, որին անհրաժեշտ էր նախօրոք պատրաստվել: «Երկու ձեռքով» ցնցուղի տակ լողանալը դարձել էր հեռավոր երազանք:

Հաց.

581f6de6321dc7d8c7033624372_prev

Էներգետիկ ճգնաժամի հետ միաժամանակ առաջացել էր նաև հացի խնդիր: Հայաստան հացահատիկ  հաճախակի չէր ներմուծվում: Հացը վաճառվում էր կտրոններով. 200 գր մեկ անձին մի ամբողջ օրվա համար: Խանութների մոտ անվերջանալի հերթեր էին գոյանում: Երբեմն մարդիկ օրերով սպասում էին իրենց հերթին, որպեսզի ձեռք բերեն այդ տարօրինակ հոտով և կանաչավուն երանգով հացը, որը պատրաստվում էր ալյուրի և այլ սննդային հավելումների խառնուրդից: Բավարար քանակությամբ հացով էր ապահովված միայն բանակը:

Սննդի կտրոններն ու հացի հերթի համարը.

315d392cc96f72f2be5501dbc2a_prev

Հաշվի առնելով, որ բնակչության մեծ մասը զրկվել էր աշխատանքից, հետևաբար` նաև եկամուտից, մի շարք ընտանիքներ կանգնեցին սովի վտանգի առջև: Պանիրը, ձուն, երշիկը, միսը անասելի թանկ և հազվագյուտ սնունդ էին դարձել: Փրկության էին հասնում Սևանի սիգն ու էժան սմբուկը: Ոմանք կարողանում էին գոյատևել ռուսաստանաբնակ բարեկամների դրամական օգնության շնորհիվ:

Հաղորդակցություն.

078af5e9d29d24987eb3677a777_prev

Հեռահաղորդակցությունը «մութ տարիների» դժբախտություններից էր: Դադարել էին գործել հեռախոսակայանները, մոռացության էին մատնվել հեռախոսները: Ամեն թաղամասում գործում էր մեկ հեռախոս՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար:

Հասարակական տրանսպորտի մասին միայն հիշողություններ էին մնացել: Հազվադեպ պատահող ավտոբուսները նմանվել էին խորտակվող նավերի, որոնցից մարդիկ ուղղակի կախված էին: Շատերը ոտքով կիլոմետրեր էին կտրում և անցնում, աշխատանքի կամ հյուր գնալիս: Երեկոյան ժամերին մեծ էր սոված շներին սնունդ դառնալու հավանականությունը:

Անգամ այդպիսի սարսափելի պայմաններում վառ արտահայտվում էին հայի ազգային առանձնահատկությունները՝ մարդասիրությունը, հումորի զգացումը, փոխադարձ աջակցությունը: Սառը մութ տներում հարևանները հավաքում էին և միասին ժամանակ անցկացնում՝ նարդի էին խաղում, կիսվում վերջին նորություններով, հաց ուտում, երեխաներին դաստիարակում, պատերազմ ճանապարհում, կատակում, երգում և պարում:

Մարդ արարածը շատ բաների կարող է դիմանալ: Արդյունքում հայերը դիմացան և հաղթահարեցին դժվարությունները: Սակայն ոչ բոլորը: 1992-ից սկսվեց զանգվածային արտագաղթ. մարդիկ մեկնում էին տարբեր ուղղություններով, աշխարհի ցանկացած վայր, միայն թե կարողանային գոյություն պահպանել, չմահանալ ցրտից և սովից: Դժվար է նրանց մեղադրելը:

Այդ տարիներին Հայաստանի 3 միլիոն բնակչությունից 1 միլիոնը լքեց հայրենիքը: Երևանը, բառի բուն իմաստով, դատարկվեց:

Նայելով այսօրվա Երևանին և երևանցիներին` դժվար է հավատալ, որ նրանցից շատերն անցել են այդ ամենի միջով՝ հաղթահարելով ցուրտը, մութը և սովը: Մղձավանջն այլևս անցյալ է, և ոչ ոք չի սիրում խոսել այդ մասին: Սակայն հարյուր հազարավոր կտրված ծառերը հիշեցնում են այն հարյուր հազարավոր մարդկանց մասին, ովքեր լքեցին իրենց հայրենիքը: Մնացին ամենաուժեղները՝ արմատները: Այնպես որ, կյանքը շարունակվում է:




Լրահոս