Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի ծախված լինելու գործը մնաց անհետեւանք: Ասել է թե՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ուսումնասիրությունները օգուտ չտվեցին, եւ այդպես էլ իրավապահները չկարողացան կամ չցանկացան համապատասխան փաստեր ձեռք բերել:
2015 թվականի հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Հաղթանակը հնարավորություն տվեց ալբանացիներին անցնել «Եվրո-2016-ի» եզրափակիչ փուլ: Խաղից հետո սերբական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո:
Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին: Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուրը 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Արդյունքում՝ «Ժողովուրդ»-ը 2015 թվականի հոկտեմբերի 28-ին գրեց, որ տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է խնդիրն ուսումնասիրել: Ոստիկանության գործի անցնելու հետ մեկտեղ նաեւ ՀՖՖ-ում նիստ կայացվեց, որից հետո կարգապահական կանոնակարգում փոփոխություններ իրականացվեցին՝ ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասով իրավիճակը հսկողության տակ պահելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հարցեր էր ուղարկել Սերբիայի եւ Ալբանիայի իրավապահներին, որպեսզի նրանք սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ից պարզեն՝ որտեղից են նրանք ստացել տեղեկություններ խաղը գնած լինելու մասին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արտերկրյա իրավապահները այդպես էլ չպատասխանեցին, քանի որ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց որեւէ իրավապահի չի հայտնի տեղեկության իր աղբյուրը: Ու քանի որ այս իրողությունը գիտակցում են նաեւ իրավապահ մարմիններում, ուստի ուսումնասիրությունները այդպես էլ դադարեցվեցին, իսկ թե տարիներ անց ով կամ ինչ պայմաններում մի օր կանկեղծանա եւ կհայտնի խաղի ծախված լինելու մասին, դժվար է ասել:
Նկատենք, որ նույն ժամանակահատվածում, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստան-Ալբանիա խաղը ծախվել է, այլ աղմկահարույց գործեր ի հայտ եկան: Բանն այն է, որ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր 2015 թվականի նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առաձին ֆուտբոլիստների միջեւ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ուլիս Երեւան»ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ «խոշոր ձկներին» բռնելու ցանկությունը այդպես էլ մնում է սոսկ արտահայտություն, իսկ, ահա, «մանր ձկները» հայտնվում են ճաղերի հետեւում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԿԱՆՉԵՆ ԿՏԵՍՆԵՆՔ ԷԼԻ` ԷՏ ԻՆՉ Է
ՀՀ Ազգային ժողովի գրեթե բոլոր գումարումներում մշտապես եղել եւ շարունակում են աշխատել այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց փոխարեն քվեարկելուց բացի` հնարավորության դեպքում քվեարկում են նաեւ ուրիշի փոխարեն` տարիներ շարունակ մնալով անպատիժ:
Թեեւ պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը պարբերաբար հանրային հնչեղություն են ստացել, բայց, կարծես թե, հանրային պարսավանքը նրանց այնքան էլ չի մտահոգում, քանի որ պատգամավորները շարունակում են նույն տխրահռչակ գործելաոճը:
Երբ Ազգային ժողովի դահլիճը վերանորոգվեց եւ մեխանիկական կոճակներին փոխարինեց էլեկտրոնային պլաստիկ քարտերի միջոցով քվեարկության եղանակը, ակնկալվում էր, որ այլեւս հնարավոր չի լինի ուրիշի փոխարեն քվեարկություն իրականացնել: Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դա այդպես չէ:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին էթիկայի հանձնաժողովը ընդունել է վարույթ` ՀՀԿ-ական պատգամավորներ Սպարտակ Մելիքյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, Մանվել Գրիգորյանի, Համլետ Հարությունյանի, Կարեն Սարիբեկյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորներ Բազմասեր Առաքելյանի եւ Արշակ Մխիթարյանի` իրենց գործընկերների փոխարեն քվեարկելու փաստի առիթով լրագրողներից մեկի դիմումը:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս պատգամավորներից պարզել` ինչն է իրենց դրդել ուրիշի փոխարեն քվեարկել, եւ արդյոք նրանք չեն ամաչում ամեն անգամ միեւնույն նկատողությունը ստանալուց:
«Ես չեմ հիշում նման բան: Կկանչեն, կտեսնենք, էլի, էտ ինչ է»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց Սպարտակ Մելիքյանը: Իսկ Համլետ Հարությունյանը վստահորեն պնդեց. «Ես ոչ մեկի տեղ չեմ քվեարկել: Այդպիսի դեպք եղել է շատ վաղուց, այդ հարցը փակվել է»:
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ շատ պատգամավորներ, որոնք առավել պարտաճանաչ են եղել եւ մասնակցել են նիստերին, բացակայող պատգամավորներից համապատասխան նվեր կամ վերաբերմունք են ակնկալել՝ դրա դիմաց խոստանալով քվեարկել նրանց փոխարեն, որպեսզի վերջիններիս բացակայություններն ավելի քիչ գրանցվեն:
Հավելենք, որ անկարգ պատգամավորների մասին էթիկայի հանձնաժողովի քննարկումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՌԱՆՑ ԱՂԱՎՆԻՆԵՐԻ
Հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ գնահատել է բավարար` ընդգծելով, որ տարբեր գերատեսչությունների հետ 7-ամյա համագործակցությունը բերել է աշխատանքի պտուղները: Նա նշել է, որ այս տարի նախարարության օրակարգում է ՀՀ եւ ԼՂՀ անկախությունների 25-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությունների անցկացումը, որոնք պետք է պատանիների համար լինեն հայրենասիրության բաց դասեր:
ԲՌՆԱԲԱՐԵԼ Է
ArmLur.am-ի տեղեկացմամբ` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: 2016 թվականի հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» կայարանից դեպի Թեւոսյան փողոց տանող կամրջի վրա մի երիտասարդ, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հունվարի 19-ին Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել 18-ամյա որդու անհետ կորելու վերաբերյալ: Պարզվել է, որ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա երիտասարդը, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգել էր հայրը։
ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում երեկ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում։ Նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատավորը պահանջի նաեւ տեղեկատվություն՝ արդյոք հարուցվե՞լ են քրեական գործեր այլ անձանց նկատմամբ, օրինակ՝ Վալերի Պերմյակովին զորակոչելու, զենք տրամադրելու համար։ Դատարանը, սակայն, հետաձգել է միջնորդության քննությունը։