Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ասուլիս-քննարկումը, որն այս անգամ եւս բավականին սակավամարդ էր: Քննարկման ավարտին շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք` ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի եւ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի: Երթին միացան նաեւ «Ոտքի Հայաստան» շարժման անդամները:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք անձ բերման էր ենթարկվել, որոնց թվում էր նաեւ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Վերջինս մինչ օրս անազատության մեջ է գտնվում եւ այժմ հացադուլ է հայտարարել: Իսկ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանն էլ արդեն 5 օր է՝ ջրադուլի մեջ է:
«Նոր Հայաստան» շարժման անդամները, նկատի ունենալով այս հանգամանքը, պահանջեցին ազատ արձակել Սաֆարյանին եւ Կյուրեղյանին: «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն էլ իշխանություններին խնդրեց թույլ տալ հանդիպել Հայկ Կյուրեղյանին` նրան համոզելու համար դադարեցնել անդառնալի հետեւանքների հանգեցնող ջրադուլը: «Անգամ պատերազմական իրավիճակներում մարդասիրական դրսեւորում են ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալների նկատմամբ: Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ թույլ տալ քաղխորհրդի անդամներին հանդիպել, խոսել Հայկի հետ, քանի որ եթե նա շարունակի ջրադուլը, դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»,- ասաց նա:
Դեռեւս Նոր տարվանից առաջ շարժման մասնակիցներին պայքարի թատերաբեմում միայնակ թողած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ եւս Ազատության հրապարակում էր: Վերջինս իր ելույթի ընթացքում վերստին նույն կոչերն արեց` հանրությանը հորդորելով մինչեւ վերջ գնալ` արդյունքի հասնելու համար:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին քննարկումներին՝ նշելով. «Դեռ կան հնամյա կուսակցական խավեր ու նոր ստեղծված կուսակցություններ, ովքեր լուրջ դեմքով նայում են ժողովրդին ու ասում՝ մենք ուզում ենք մտնել կոալիցիայի մեջ հանցագործ, ահաբեկիչ, մադրիդյան սկզբունք ընդունող եւ հեղինակած, ժողովրդի արժանապատվությունը գողացած իշխանական կուսակցական խմբի հետ»:
Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց. «Վերջին իրադարձություններին այլ բացատրություն չկա, երբ ՀՀԿ-ն, որը տնօրինում է երկու առաջնային մանդատ, այսօր դիմում է Դաշնակցությանը եւ մյուս կուսակցություններին՝ կոալիցիա ստեղծելու համար»: Ղուկասյանի համոզմամբ` պատճառն այն է, որ դեկտեմբերի 6-ին «ՀՀԿ-ն եւ քրեական ռեժիմը կրեցին պարտություն»:
«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարեց` եթե իշխանությունը չբավարարի իրենց պահանջը, իրենք կդիմեն կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչեւ ՔԿՀ-ի մոտ վրաններ տեղադրելը եւ հացադուլին միանալը: «Մենք չենք համակերպվելու նոր Սահմանադրության փաստաթղթի կամ մտքի հետ, մենք երբեք չենք հնազանդվելու այն չակերտավոր քաղաքական ծրագրերին, որոնք պատրաստվում են դեպի 2017 թվական»,- հայտարարեց Սէֆիլյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին մտադիր են դահլիճային ձեւաչափով համաժողով անցկացնել՝ մի խումբ մտավորականների հետ համագործակցությամբ:
«Առաջիկա ամսվա ընթացքում մենք որոշել ենք համապետական հանրահավաք անցկացնել, որը տեղի է ունենալու մարտի 1-ին: Մենք այն ուժն ենք, որ մինչ այսօր չի մոռացել մարտի 1-ի երեւույթը, ոճրագործությունը, այն անմեղ արյունը, որ թափվեց, եւ մենք այդ արյանը պետք է տանք իմաստավորում: Այս ռեժիմը, աշխարհը պետք է շատ լավ գիտակցի, որ մարտի մեկից սկսած՝ մենք մեր գործունեությունը պետք է սաստկացնենք հնարավորինս մեր ուժերի չափով»,-հավելեց Սէֆիլյանը` նշելով, որ առաջիկայում փորձելու են զբաղվել այդ միջոցառման իրազեկմամբ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է «ԴԱՐ 21» Հ/Ը-ՈՒՄ
Վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ «21tv» հեռուստաընկերությունը շուտով փակվելու է: Պատճառը ֆինանսական դժվարություններն են: Ավելին՝ այս ընթացքում «21tv»-ի որոշ աշխատակիցներ աշխատանք են փնտրում այլ հեռուստաընկերություններում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «ՄԿՌ-մեդիա-Արմենիա» ընկերության ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «ՄԿՌ-մեդիա-Արմենիա»-ն ընկերությունների խումբ է, որի մեջ է մտնում նաեւ «Դար 21 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
-Պարո՛ն Հակոբյան, տեղեկություններ կան, որ «Դար 21» հեռուստաընկերությունն առաջիկայում փակվելու է: Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
-2 տարի առաջ փակվել է:
-Այսինքն…
-Արդեն փակվել է, չկա, բա չգիտե՞ք, փակվել է, ամեն ամիս փակվում է:
-Կմանրամասնե՞ք:
-5-10 տարի առաջ է փակվել, ֆինանսական դժվարություններ ունի, տպել էիք մի 6 ամիս առաջ, աշխատավարձ չենք տալիս մարդկանց, ծեծում ենք ստեղ: Գրեք, ինչ ուզում եք:
-Պարո՛ն Հակոբյան…
-Տասը տարի առաջ փակվել է, վատ ենք, ցեխի մեջ ենք, ոնց Ձեզ հարմար է, գրեք…
-Պարո՛ն Հակոբյան, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք այդ տեղեկությունները…
-Սա Ձեզ չեմ ասում, խնդրում եմ՝ իմ անունը չօգտագործել, եթե Դուք բառացի ասում եք՝ մենք մի 2 տարի առաջ փակվել ենք:
-Պարո՛ն Հակոբյան..
-7 տարի առաջ փակվել ենք, 12 տարի առաջ փակվել ենք… Ի՞նչ եք ուզում: Կարող է ես ծամերով մազեր ունեմ, պետք է զանգեք, հարցնեք՝ ծամերով մազեր ունե՞ք, թե՞ չէ: Ես այս բնագավառում 25 տարի է՝ աշխատում եմ, ես գիտեմ, թե լրագրությունն ինչ է: Ինչի՞ պետք է փակվի, ի՞նչ է եղել, երաժշտությո՞ւնն է խանգարում…
-Այս օրերին ձեր աշխատակիցները աշխատանք են փնտրում այլ հեռուստաընկերություններում…
-Լսեք՝ այդ հարցը որերորդ անգամ լսում եմ, ման են գալիս, լավ են անում, հա՛, կարող է՝ բարձր աշխատավարձ են տալիս..
-Գուցե՞ մասնակի կրճատումներ են…
-Ի՞նչ եք ուզում, հեռուստաընկերությունը չի փակվում, ո՞վ այստեղից գնում է, աշխատանք է ման գալիս… ոչ մեկին դա չես արգելի… բազմաթիվ հեռուստաընկերություններ կան, հասկանո՞ւմ եք, մի տեղ կարող են շատ տալ, մյուսում հետաքրքիր գործ լինի, ի՞նչ խնդիր է, էս քամբախ Հայաստանում այլ ինֆորմացիա չունեք, գնացեք սահմանամերձ գյուղեր, տեսեք, թե ինչեր են այնտեղ կատարվում…
Հ.Գ. Կարծում ենք` ընկերության ղեկավարի, մեղմ ասած, ոչ հավասարակշիռ պատասխաններն ինքնին արդեն բավականաչափ խոսուն են եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Հայրենիքը սրբազան է, հայրենիքի սահմանը պաշտպանելը՝ պարտք: Սակայն կարգախոսներն այլ են, իրականությունը՝ այլ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Գոռ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2015թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, զորամասի տարածքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, քաղել, տնայնագործական եղանակով՝ արդուկով չորացնելու միջոցով պատրաստել է զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն պահել գրպանում եւ հուլիսի 21-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ծխախոտի մեկ գլանակի մեջ լցված թմրանյութի մի մասը զորամասի ճաշարանի հարակից տարածքում օգտագործել է, իսկ մնացած մասը՝ 1.660 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը, տվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գրիգոր Սուքիասյանին: Գ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 1-ին մասով, 364.2 հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Սուքիասյանին՝ 268 հոդվածի 1-ին մասով, երկուսի հանդեպ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ԱՌԱՅԺՄ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Փետրվարի 14-ին միավորված Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Քաղաքում եւ Դիլիջանին միացված 6 գյուղերում կընտրեն քաղաքապետ եւ 15 հոգուց բաղկացած ավագանի: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ներկայումս Դիլիջանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել մեկ թեկնածու՝ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ որոշմամբ: Ավագանու 50 տեղի համար առաժմ առաջադրվել է 24 թեկնածու, որից 8-ը ՀՀԿ անդամ է, 14-ը անկուսակցական է, մեկական՝ ՕԵԿ եւ ԲՀԿ անդամ: Այս թվերը փոփոխական են, քանզի սպասվում է, որ առաջիկայում կառաջադրվի Դիլիջան համայնքի ղեկավարի եւս 2-3, ավագանու՝ մոտ 25 թեկնածու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ