Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելը բխում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորություններից. ասված է Երևանում այսօր ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի և բյուրոյի կողմից Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ ընդունած բանաձևի փաստաթղթում:
“ԵԽԽՎ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին, որոնք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա և հիմքեր են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար”,-ասված է հռչակագրում:
ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել Եվրոպայի խորհուրդը նախագահելու տրված հնարավորությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խնդրի ինտենսիվ լուծումներ գտնելու համար:
“Իր հերթին ԵԽԽՎ-ն պատրաստ է իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել ամեն բան բանակցային գործընթացը հեշտացնելու և երկու անդամ երկրների պատվիրակությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար”,-ասված է փաստաթղթում: