ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով Գեղարքունիքի մարզում ստեղծված վրանային հենակետում ստեղծման օրից մեծ թվով քաղաքացիներ են օգնություն ստացել, այդ թվում՝ բժշկական: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները գիշերել են վրաններում, որտեղ բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարեցված են թե՛ մահճակալներով, թե՛ քնապարկերով: Թվով 11 քաղաքացի գիշերել է հենակետում տարբեր օրերին, այդ թվում՝ օտարերկրացիներ:
ՀԱՐՑ. Մտադիր եմ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալ եւ ցանկանում եմ տեղեկանալ, թե երկրից դուրս գալու եւ վերադառնալու համար ՀՀ քաղաքացու ո՞ր փաստաթղթերը կարող են օգտագործվել: Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ունենալ:
Իսահակ Նիկողոսյան (48 տարեկան, նկարիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Նիկողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար կարող են օգտագործվել ե՛ւ մինչ այժմ շրջանառության մեջ գտնվող ՀՀ քաղաքացու անձնագրերը, ե՛ւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, թե հաշմանդամը կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ ստանալու համար:
Օնիկ Մարկոսյան (69 տարեկան, թոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով
– անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
-լսողական սարք ստանալու համար՝ նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար՝ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Հայաստանում պաշտոնապես գրանցված 198 հազար 619 հաշմանդամից անվասայլակներից օգտվողները մինչեւ հինգ հազարն են: