Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում ԴԱՀԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում մայիսի 31-ին միջոցառում է կազմակերպվել. մասնակիցները 5-12 տարեկան այն երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման եւ ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը հրավիրված հեքիաթի հերոսներն ուրախացրին եւ ծառայության կողմից անակնկալներ մատուցեցին երեխաներին` նվիրելով գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաեւ պաղպաղակ հյուրասիրեցին օրվա հերոսներին: Միջոցառմանը հրավիրված էին 120 երեխաներ Հայաստանի  մարզերից ու Երեւանից:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը շնորհավորել է երեխաներին տոնի առթիվ եւ նշել, որ երեխաները, ովքեր առնչություն ունեն ծառայության հետ, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ երկրի ապագան հենց նրանց ձեռքերում է: 
Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայում ընթացքի մեջ է 1631 կատարողական վարույթ, որից 865-ը՝ մարզերից: Այդ վարույթներից 138-ը վերաբերում է տեսակցությունների ապահովմանը, մեկ տասնյակը՝ երեխային մի ծնողից մյուսին հանձնմանը: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2500 երեխայի հետ:




Լրահոս