Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է յուրացումների գործով:
Եվ այսպես, դեռեւս 2015 թվականի մարտին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում յուրացումներ էին հայտնաբերվել: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին էր: Ավելի ուշ այս գործով կալանավորվեց կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ սյունեցիների, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, եւ հենց վերջինս էլ մեծ դեր է խաղացել նրա տնօրեն դառնալու գործում:
Ինչեւէ, 2015 թվականի սեպտեմբերի 22-ին գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ ինչպես պարզեցինք, բացի Դավիթ Համբարձումյանից՝ դատարանի առաջ են կանգնել եւս 4 անձ` Ռադիկ Օհանյանը, Սիրվարդ Մինասյան, Ժաննա Պողոսյանը, Էդգար Համբարձումյանը:
Պարզվում է, որ «դիվանբաշուն» հասած Ռադիկ Օհանյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրն է:
Իսկ ինչպե՞ս էր բացահայտվել այս գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ժաննա Պողոսյանը, որը աշխատել է երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում՝ որպես տնտեսուհի, դիմել է Սյունիքի մարզի դատախազություն եւ հայտնել, որ տնօրենը երեխաների հագուստը վաճառել է: Իսկ թե ինչն է եղել Ժաննա Պողոսյանի այս քայլին գնալու պատաճառը, տնօրենի գործողությունները իրավապահներին հայտնելը, հայտնի չէ: Արդյո՞ք կնոջը խիղճն է տանջել, թե այլ խնդիր կա, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է, որ Ժաննան իրավապահներին հայտնելով կենտրոնում տիրող իրավիճակի մասին՝ այսօր եւս կանգնած է դատարանի առաջ: Միգուցե Ժաննա Պողոսյանը մտածել է, երբ իրավապահներին տեղյակ պահի կենտրոնում կատարվող իրադարձությունների մասին, «կփրկվի», պատասխանատվության առաջ չի կանգնի, սակայն, ինչպես ասում են, «փոս փորողն ինքն էլ է փոսը ընկել»:
Եվ այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերով՝ 120.000 դրամ արժողության անվադողեր, հանդերձանք եւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հորը՝ Ռադիկ Օհանյանին, որ եղել է կենտրոնի պահեստապետը, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, կազմել է կեղծ ֆակտուրաներ: Սիրվարդ Մինասյանը եղել է խնամքի կենտրոնի հաշվապահը, որին մեղադրանք է առաջադրվել՝ Դավիթ Համբարձումյանին օժանդակելու եւ կեղծ ելքի ֆակտուրաներ կազնելու համար: Ժաննա Պողոսյանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է տնօրենին՝ կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար:
Էդգար Համբարձումյանին, որը խնամքի կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանի ազգականն է եւ կենտրոնում աշխատել է որպես տնտեսվար, մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար: Ի դեպ, Էդգար Համբարձումյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռես 2015 թվականի փետրվարի 2-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Էդգար Համբարձումյանը մետաղե ձողով պատը քանդելու միջոցով ապօրինի մուտք է գործել «Կապան-Էնեղժի» ՓԲ ընկերությանը պատկանող, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքում գտնվող պահեստ եւ գողացել է 158 հազար 920 դրամ, 583 հազար 800 դրամի արժողությամբ յուղ, «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի չորս անիվ, ինչի հետեւանքով ՓԲ-ին պատճառվել է խոշոր չափերով` 1 միլիոն 928 հազար 240 դրամի գույքային վնաս:
Այս արարքի համար Էդգար Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ ազատազրկման էր դատապարտվել երկու տարի ժամկետով:
Նկատենք, որ այս գործը քննող դատավորը Նապոլեոն Օհանյանն է, որը մեղադրյալներից Ռադիկ Օհանյանի ազգականն է: Բայց ոչ միայն ինքնաբացարկ չի հայտնել, այլեւ այս գործով մի քանի դատական նիստեր է անցկացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ դատավորից պարզել, թե ինչո՞ւ ինքնաբացարկ չի հայտնել, արդյո՞ք նա կարող է օբյեկտիվ վճիռ հրապարակել, երբ ամբաստանյալի աթոռին իր ազգականն է, վերջինս լսելով հարցը՝ ասաց՝ հաջողություն: Դե, իհարկե, հաջողություն, քանի որ արդեն դժվար չէ կանխատեսել, թե ինչ հանգուցալուծում կունենա այս գործը:
Ստացվում է՝ ազգականներով գործի մեջ են: Եւ որպեսզի ամեն ինչ պարզ լինի, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ գործով անցնող, այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Համբարձումյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, իսկ մեղադրյալներից Ռադիկ Օհանյանի որդին Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: Այս առիթով հարուցված գործը քննում է դատավոր Նապոլեոն Օհանյանը, որը դատարանի նախագահի ազգականն է: Մեզ մնում է սպասել զարգացումներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու` Մհեր Պետրոսյանի շուրջ աղմկալի դեպքերը չեն դադադարում: Վերջինս հիմա էլ մեղադրվում է խարդախության մեջ:
Դեռեւս 2015 թվականի փետրվարի 6-ին ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին՝ Մհեր Պետրոսյանը, Պռոշյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում վիճաբանել էր իր քավորի` Օսեբ Մարկարյանի հետ: Այդ ընթացքում Պետրոսյանը ձեռքով հարվածել էր Օսեբի դեմքին, ապա գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել նրա ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:
Իսկ ինչու էր նա կրակել քավորի ուղղությամբ: Օսեբ Մարկարյանը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր, որ տարիներ առաջ ինքը Մհեր Պետրոսյանի հետ որոշել է բնակելի շենք կառուցել: «Հետո ինքը անհետացավ, մենք ստանձնեցինք այդ կառույցը: Այնուհետեւ հայտնաբերվեցավ մեջտեղ եւ սկսավ պահանջատեր լինել, մենք ուզեցինք մեկնաբանություններ լսել, անհիմն որոշ նամակներ կուղարկեր մոտ 5-6 ամիս եւ այլն, դրանք ընդհանրապես համոզիչ չէին»,- պատմել էր սիրիահայ գործարարը՝ վստահեցնելով, որ Մհեր Պետրոսյանը պահանջատեր լինելու իրավունք չուներ, քանի որ նրա արած ներդրումները բանկի միջոցով վերադարձվել էին, այն էլ անհամեմատ ավելի շատ, քան ներդրել էր:
Ինչեւէ, այս խնդիրն էլ պատճառ էր դարձել, որպեսզի քավորի եւ սանիկի միջեւ վեճն այն աստիճան թեժանա, որ նախկին պատգամավորի որդին՝ Մհեր Պետրոսյանը, կրակոցներ արձակի քավորի` Օսեբ Մարկարյանի ուղղությամբ: Եվ, ահա, այս դեպքից հետո իրավապահները գործի էին անցել եւ նոր բացահայտումներ իրականացրել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2016 թվականի հունվարի 21-ին Մհեր Պետրոսյանի մասով գործ է ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկացանք, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին միասնական հանցավոր մտադրությամբ միավորված Գարիկ Իսրայելյանի եւ Միքայել Ալկամյանի վստահությունը չարաշահելու եղանակով՝ խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 31 միլիոն 600 հազար դրամ գումար, բացի այդ՝ 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուբիկ Շահինյանի վստահությունը չարաշահելու եղանակով` խարդախությամբ հափշտակել է նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով` 7 միլիոն 770 հազար դրամ: Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին անցնում է ե՛ւ խարդախության, ե՛ւ սպանության փորձի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներով: Մհեր Պետրոսյանը այժմ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք հերթական անգամ զրուցել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց զրուցել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի տեղեկացմամբ` հունվարի 15-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով վերաքննիչ ատյան էր ներկայացրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության եւ ՄԻՊ գնահատականները, երեկ հայտնել է.«Դա էլ տվեցինք դատարանին: Գնաց, եկավ… հինգ րոպե հետո մերժեց: Կդիմենք գրավ կիրառելու համար: Եթե գրավն էլ մերժվի, մեր կարծիքով, պետք է դիմել միանգամից Եվրոպական դատարան: Էլ չգնալ բոլոր ատյաններով ու սպասել, թե ինչ անհեթեթ որոշումներ կարող ենք ստանալ»:Դատարանի առջեւ բողոքի ցույցին մասնակցող Ժիրայր Սէֆիլյանն էլ ասել է. «Դատավորը սպասում է հրամանի եւ կատարում է վերեւից եկած առաջադրանքը: Գեւորգին բանտարկել են քաղաքական դրդապատճառներով»:
ԿԻՋԵՑՆԵՆ
Ռուս հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը կարծիք է հայտնել, որ «Գազպրոմը» կիջեցնի Հայաստանին մատակարարվող գազի գինը: «Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն այս կապակությամբ Tert.am-ին ասել է.««Գազպրոմ-Արմենիան» բանակցային կողմ չէ եւ չի կարող մեկնաբանել գազի սակագնի իջեցման վերաբերյալ տեղեկությունը»։
ՍՏԵՆԴԱՎՈՐԵԼ ԵՆ
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել: hraparak.am-ի տեղեկություններով՝ նա երեկ տեղափոխվել է Նորքի սրտաբանական, որտեղ նրա սրտի անոթները ստենդավորել են: