ՏԵՂՆ` ԱՆՓՈՓՈԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կայացած տոնակատարությանը մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:   Ընդգծենք, որ ոչ իշխանական մնացած ուժերից որեւէ մեկը ներկա չէր: Իսկ Ծառուկյանը ոչ թե պարզապես մասնակցում էր տոնակատարությանը, այլեւ զորահանդեսին եւ Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին հետեւում էր նախագահական հարթակից` Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի,  Տիգրան Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Էդվարդ Նալբանդյանի, Գորիկ Հակոբյանի, կաթողիկոսի, Արմեն Գեւորգյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ նույն շարքում: Ասել է թե` ԲՀԿ առաջնորդն այս անգամ արդեն  ցուցադրաբար զբաղեցրել էր այն տեղը, որտեղից իրականում անցած  մեկուկես տարվա ընթացքում չէր էլ հեռացել: Ինքը` Ծառուկյանը, երեկվա իր մասնակցությունն ու մնացած ոչ իշխանական ուժերի բացակայությունը  բացատրել է հետեւյալ կերպ. «Գնացե՛ք, իրենցի՛ց հարցրեք,  պետությունը մեկն է, ժողովուրդը մեկն է»: Իհարկե, միանգամայն ճիշտ է ԲՀԿ առաջնորդը` պետությունը մեկն է, եւ այդ պետության տոնակատարություններին եւ պետական նշանակության միջոցառումներին ցանկալի է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները` անկախ իրենց կողմնորոշումից, մասնակցեն: Սակայն այստեղ դժվար է չնշել, որ նույնպիսի պետական նշանակության միջոցառում էր նաեւ երկրի նախագահի երդմնակալությունը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց: Իսկ թե ինչու` կարծում ենք, այսօր արդեն առավել քան ակնհայտ է բոլորի եւ առաջին հերթին` այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք  համառորեն շարունակում էին քաղաքագիտական վերլուծություն անել: Իսկ իրականում խնդիրն այն է, որ ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, դեռ վաղ էր հրապարակավ ցույց տալ, թե որտեղ է իրականում Գագիկ Ծառուկյանի տեղը: Քանի որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն էին, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է իրականացներ ընդդիմության ձայները փախցնելու առաքելությունը, որը սկսել էր դեռեւս մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ինչպես տեսանք` այս վերջին դեպքում էլ ԲՀԿ-ն փայլուն կերպով իրականացրեց իր առջեւ  դրված խնդիրը՝ այնպիսի արմատական ընդդիմադիր կեցվածք դրսեւորելով, այնպիսի «քլնգող» ելույթներ ունենալով, որ անգամ ամենափորձված շրջանակների մոտ կասկածներ առաջացան: Բայց` ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ պետք է լիներ. եթե Մուհամեդը չի գնում լեռան մոտ, ապա լեռն է գնում Մուհամեդի մոտ սկզբունքով` Սերժ Սարգսյանն ինքը գնաց Ծառուկյանի եկեղեցու բացման «պետական արարողությանը», եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Իհարկե, նա, ինչպես միշտ, դրանով իր քաղաքական թիմի մի մասին դրեց անհարմար դրության մեջ: Բայց` թիմերը կգան ու կգնան, կարեւորն այն է, որ նախագահական հարթակի վրայի տեղն ու բիզնես քվոտաներն անփոփոխ մնան: Ու մեկ էլ` իհարկե, թանկագին խնամու` երեկ Սարդարապատում Ծառուկյանի թիկնապահի դերը ստանձնած Հովիկ Աբրահամյանի պաշտոնը:




Լրահոս