«ԻԴԵԱԼ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ 10 ՕՐ Է` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի` «Իդեալ» խանութների ցանցի սեփականատեր, գործարար Նորիկ Խաչատրյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են 70-ամյա Ամալյա Նազարեթյանին  ստիպողաբար հոգեբուժարան ուղարկել, սակայն Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե ինքը կատարվածի մասին որեւէ տեղեկություն չունի, այդ կնոջն էլ ընդհանրապես չի ճանաչում:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե արդեն 10 օր է` Երեւանի Կոմիտասի 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Թերթին ահազանգել են շենքի բնակիչները՝ նշելով, որ իրենց ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի աշխատած հարեւանուհուն բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը նշել է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութ-սրահի երկրորդ հարկը: Ըստ ահազանգած հարեւանուհու՝ խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ, ինչին Ա. Նազարեթյանը  դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այդ հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ, եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ա. Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, ու կնոջը բռնի ուժով նստեցնելով  մեքենան` տարել են հոգեբուժարան: Դա տեղի է ունեցել մեկ հոգեբույժի եւ չորս ոստիկանի մասնակցությամբ: Այս առիթով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Նորիկ Խաչատրյանից:
-Ես տեղյակ չեմ ու ճիշտն ասած` չեմ էլ ցանկանում տեղեկանալ: Եթե անլուրջ բաներ են գրում, ապա այդպիսի անլուրջ բաներն ինձ հետաքրքիր չեն:
-Բայց «Իդեալ» ընկերության ներկայացուցիչները մշտապես տարաձայնություններ են ունեցել 70-ամյա կնոջ հետ, ու այժմ նշվում է, որ նրան ստիպողաբար են տեղափոխել հոգեբուժարան, որպեսզի այլեւս խնդիրներ չառաջացնի Ձեր ընկերության համար:
-Է՛, Ձեզ էլ, կարող է, մեղադրում են անհասկանալի մի բանի համար, ես արդեն 10 օր է՝ Երեւանում չեմ եւ չգիտեմ` ինչում են մեղադրում: Դրա համար կա ոստիկանություն, պետք է դիմել ոստիկանություն, իսկ ոստիկանությունը դրանով կզբաղվի:  
-Ոստիկանությունը զբաղվում է, բայց Ձեզ պատկանող ընկերությանն են մեղադրում…
-Դե, երբ զբաղվի, պատասխանը կտա, ես այդ կնոջը չեմ ճանաչում ընդհանրապես:
-Բայց Ձեր խանութում այդ կնոջ հետ մշտապես խնդիրներ են ունեցել, քանի որ որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ, ինչին Ամալյա Նազարեթյանը դեմ է եղել:
-Ո՛չ, երբեւիցե ես խնդիր չեմ ունեցել այդ կնոջ հետ, եթե ես այդ կնոջը չեմ ճանաչում, ինչպե՞ս կարող եմ խնդիրներ ունենալ: Պետք է դիմել ոստիկանություն, մեր ընկերության հետ… ես չեմ ճանաչում այդ կնոջը, ես կռիվ չեմ արել էդ կնոջ հետ: Մենք այդ տարածքը վարձել ենք, այդ տարածքը մեզ չի պատկանում: Հիմա հազար մարդ կարող է մեզ մեղադրել, հիմա ի՞նչ, Դուք պետք է պատասխանե՞ք դրան: Եթե մարդիկ կան, կոնկրետ մեղադրանք կա, ընդամենը պետք է դիմել ոստիկանություն, որպեսզի ոստիկանությունը պարզի:
-«Իդեալ» խանութների ցանցի բաժնետերերից է համարվում նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը…
-Կյանքում պետք չէ ման գալ այնպիսի բաներ, որ կարողանաք ինչ-որ բաներ գտնել, չեղած տեղից պետք չէ խնդիրներ գտնել, պետք է փորձել հասկանալ՝ լավ, ի՞նչն է պատճառը:  Ինչո՞ւ ենք մենք ուզում ստեղծածին (նկատի ունի արհեստածին-Ս.Գ.) խնդիրներ ստեղծել ու փորձել դրանց բացատրություններ տալ: Ես Ձեզ ասում եմ` այդ կնոջը չեմ ճանաչում, երբեւիցե չեմ ճանաչել: Ինչի՞ եք մտածում, որ եթե նման բան են ասում, ապա պետք է անպայման դրան մեկնաբանություն ու կարեւորություն տալ: Եթե ես որեւէ մեկին չեմ ճանաչում, ապա ես չեմ կարող այդ մարդու հետ խնդիրներ ունենալ: Այսքանը, ես չեմ ցանկանում որեւէ այլ բան ասել, քանի որ իրականում նման բան չկա: Այդ տեղեկություններն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Ստեղծածին բաներ են, որոնց անգամ պետք չէ ուշադրություն դարձնել:
Հ.Գ. Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ 70-ամյա կնոջը բռնի կերպով  հոգեբուժարան տեղափոխելու հարցն անձամբ իր ուշադրության կենտրոնում է: Իսկ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ավանի հոգեբուժարան, ուսումնասիրել փաստաթղթերն ու արձանագրել, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում. ինչպես կարգն է, դիմել են դատարան եւ կնոջը նշանակել բուժում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս