Երկրի նախագահն է որոշողը, կլինի, կիմանանք. Սարգիս Սահակյանը` պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման հարցը թեեւ դեռ չի հստակեցվում, սակայն օրակարգից չի էլ հանվում: Մեր տեղեկություններով` խնդիրը  պաշտոնների բաշխման շուրջ համաձայնության ձեռք բերումն է, որը ձգձգվում է ՀՅԴ առաջադրած պայմանների պատճառով: Արդեն տեղեկացրել ենք, որ Դաշնակցությունը կոալիցիոն համագործակցության դիմաց պահանջում է երկու նախարարական եւ երկու մարզպետական տեղեր: Այսօրվա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը որոշիչ է լինելու:

Այս առնչությամբ զրուցեցինք մի քանի մարզպետների հետ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան

-Պարո՛ն Նալբանդյան, վստահաբար տեղյակ եք նոր կոալիցիայի ձեւավորման շուրջ ընթացող զարգացումներին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ն, որպես նախապայման, ցանկանում է երկու նախարարական եւ երկու մարզպետական տեղեր: Մտավախություն չունեք, որ նոր կոալիցիայի կազմավորման դեպքում Դուք ստիպված կլինեք հրաժարվել Ձեր պաշտոնից:

-Ես դա չեմ կարող ասել: Ընդհանրապես որեւէ քաղաքական պաշտոնի հետ կապված, ինձ թվում է, որ որեւէ մեկը մտավախություն չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքական պաշտոնը մի օր նշանակում են, մի օր էլ պետք է ազատեն այդ աշխատանքից: Նշեմ, որ կոալիցիայի հետ կապված ես կողմ եմ ցանկացած կոալիցիոն կառավարության:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան

-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ իշխանական նոր կոալիցիայի ձեւավորման դեպքում զգալի կադրային փոփոխություններ կլինեն, այդ թվում եւ մարզպետների կազմում: Ըստ Ձեզ՝ ո՞ր մարզպետներն են առաջիկայում հրաժեշտ տալու իրենց աթոռներին:

-Ես նման բաներ չգիտեմ: Ո՞վ է ասում, ո՞վ է խոսում: Ես կարող եմ միայն երկրի նախագահի ասածները հիմք ընդունել: Մարդկանց կարծիքները, տեսակետներն ինձ համար էական չեն: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ես ունեմ երկրի նախագահ, երկրի նախագահն է որոշողը: Նման բաներ չկան: Կլինի կոալիցիա, կորոշի երկրի նախագահը, կիմանաք:

-Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկաում Դուք եւս հրաժեշտ տաք Ձեր պաշտոնին:

-Հավանական, ռուսական տեսակետներ, կարծիքներ, շրջանառվող լուրեր ես չեմ մեկնաբանում:

Արփինե Թովմասյան




Լրահոս