Փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը լսել, սակայն ուշադրություն չեն դարձրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիի ռուսական 102-րդ բազայի տարածքում կայացավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով 4-րդ արտագնա դատական նիստը։ Նախորդը, ինչպես հայտնի է, հետաձգվեց գործով վկաների ինքնազգացողության վատացման պատճառով: Այդ օրը մեղադրյալ Վալերի Պերմյակովը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու իրեն մեղավոր է ճանաչել: Այսօրվա նիստին ներկա գտնվեցին Ավետիսյանների հարևանները:

Առաջինը վկայությամբ հանդես եկավ Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինեն, ում ինքնազգացողությունը կրկին վատացավ և խնդրեց, որ փաստաբանները հրապարակեն իր նախաքննական ցուցմունքը: Լուսինե Ավետիսյանի ցուցմունքի համաձայն ՝ հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, հաճախակի է մեկնել ՌԴ ՝ արտագնա աշխատանքի, եղբայրը՝ Արմեն Ավետիսյանը երբեմն միացել է նրան, իսկ ահա մայրը՝ Հասմիկ Ավետիսյանը առևտրական էր՝ շուկայում ապրանք էր վաճառում: Հայրական տան դռները ոչ միշտ են փակ եղել, սակայն գողության դեպք երբեք չի գրանցվել:

Սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը խոստովանեց, որ դեպքի օրը ՝ վաղ առավոտյան, աղմուկ է լսել, բայց չի պատկերացրել, թե դա կրակոց է: Առավոտյան աշխատանքի գնալիս դարպասի դուռը բաց է տեսել, բայց կրկին չի կասկածել: Վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, թե Ավետիսյանների տնից եկող որևէ ձայն չի լսել, սակայն այսօր նա դա հերքեց՝ ասելով, թե գիշերը աղմուկի վրա դուրս է եկել, լսել է երեխայի լացի ձայնը, սակայն նորից արտառոց ոչինչ չի նկատել, հակառակ դեպքում ՝ կմտներ տուն: «Մտածեցի երկրաշարժ է, գնացի գործի, էնդեղ էլ ասացի՝ գիշերվա երկրաշարժից խաբար եղաք, ես ի՞նչ իմանայի…»:

Ի դեպ, ռազմաբազայի 6 ռուս զինծառայողները, ովքեր Ավետիսյանների սպանության գործով ներգրավված են որպես վկա, այլևս ռազմաբազայի ծառայողներ չեն: Այս մասին դատարանում ընթերցեց Ավետիսյանների սպանության գործով նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը: Զինծառայողներն, այդպիսով, 2015թ. օգոստոսի 16-ին հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից:




Լրահոս