Ինչ կորոշի ՀՀ նախագահը, ես երկու ձեռքով կողմ կլինեմ. Գեղարքունիքի մարզպետը` իր պաշտոնից հրաժարվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ՀՅԴ-ի հետ հնարավոր կոալիցիայի դեպքում վերջիններս կստանան նախարարական և մարզպետների մի քանի պորտֆելներ: Այսօրվա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը որոշիչ է լինելու:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան

-Պարո՛ն Ցոլակյան, քաղաքական դաշտում խոսվում է ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ իշխանական կոալիցիայի ձեւավորման մասին: Ըստ տեղեկությունների՝ ՀՅԴ-ն համագործակցության համար մի շարք պայմաններ է ներկայացրել իշխանությանը, մասնավորապես ցանկանում է երկու մարզպետի պաշտոններում իր ներկայացուցիչներին տեսնել: Ձեր տեղեկություններով` որ մարզպետներն առաջիկայում հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

-Թող տան, հաջողություն: Ես չեմ կարող ասել, ոչ մի բանից տեղյակ չեմ:

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այդ մարզպետներից մեկը Դուք կլինեք:

-Չէ՛, չէ՛, ընդհանրապես մտահոգություններ չունեմ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպես հայտնի է՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ նոր կոալիցիա ձեւավորվի: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ-ն իշխանության հետ համագործակցելու համար մի շարք պայմաններ է ներկայացրել՝ այդ թվում եւ պահանջելով երկու մարզպետական աթոռ: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ո՞ր մարզպետներն են պաշտոնանկ արվելու, միգուցե Դո՞ւք:

-Ես տեղեկացել եմ մամուլից: Այդ խնդիրը դեռ վերջնական լուծված չէ, եւ ինչ կորոշի ՀՀ նախագահը, ես երկու ձեռքով կողմ կլինեմ: Համենայն դեպս, նման բան չի քննարկվել ՀՀԿ գործադիր մարմնում: Իսկ եթե քննարկվի էլ, եւ ՀՀ նախագահը կորոշի Գեղարքունիքի մարզը, ես ոչ մի խնդիր չունեմ, ես էլ սիրով կդիմավորեմ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, որը կգա աշխատելու:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս