ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ, ՀԻՄԱ ԷԼ ԽՆԱՄՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ի երեկոյան՝ ժամը 00:25-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական ապրանքների «Մալաթիա» տոնավաճառի տարածքում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի նախկին կնոջ` Աննա Էլոյանի եւ նրա երկրորդ ամուսնու` Հովնան Խաչատրյանի միջեւ, ինչի արդյունքում Աննան դանակով երեք անգամ հարվածել է Հովնանին: Դանակահարողը պատմեց պատճառների մասին:
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Մալաթիա» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպերին: Նշել էինք, որ միրգ-բանջարեղենի շուկայի տարածքում տեղակայված տաղավարներում աշխատողները հարբեցողությամբ են զբաղվում, ինչի հետեւանքով էլ տարածքում մշտապես վեճեր են լինում: Սակայն այս դեպքն արտառոց էր այնքանով, որ կինն էր դանակահարել եւ ինքնակամ ներկայացել ոստիկանություն:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով նախ այցելեցինք «Մալաթիա» տոնավաճառ, որտեղ աշխատում է «հերոսուհին»: Աշխատակիցներից շատերը մեզ հետ զրույցում պատմեցին, որ Աննային շատ լավ գիտեն, եւ կատարվածը իրենց համար նույնպես շատ զարմանալի էր: Իսկ գյուղմթերքների բաժնում աշխատողներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, կասկած հայտնեց, թե Աննան ինչ-որ բաներ է լսել ամուսնու` Հովնանի մասին, իսկ թե կոնկրետ ինչ, չցանկացավ մանրամասնել:
Ի՞նչ էր լսել Աննան, եւ ի՞նչը կարող էր ստիպել նրան գնալ այդ քայլին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց պաշտոնական վարկածի համաձայն տուժող Հովնան Խաչատրյանի մորաքրոջ աղջկա՝ Կարինե Գալստյանի հետ:
«Ես ապրում եմ Մալաթիայում: Աննան եւ Հովնանն էլ ապրում են ինձ հետ նույն բնակարանում:  Երկուսին էլ շատ լավ գիտեմ: Ուղղակի Աննան լսել էր, որ Հովնանն ինչ-որ աղջիկների հետ է կապված, նրան բռնացրել է ու դանակահարել»,-ներկայացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ դեպքից անմիջապես հետո Աննան լացակումած շտապել է տուն եւ իր արարքի մասին պատմել իրեն ու հայտարարել, թե գնում է ոստիկանություն:
Աննա Էլոյանը 2008թ. մարտ 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինն է. համենայնդեպս, նրա հետ էր ապրում: Աննան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես ինքը Արմեն Ֆարմանյանի հետ ապրել է շուրջ 6 տարի. «Եթե Ձեզ հետաքրքիր է, ես կարող եմ ներկայացնել հավաստի փաստաթղթեր, մեր ընտանեկան ալբոմները, եւ Դուք դրանով կարող եք համոզվել, որ մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանն իմ ամուսինն է  եղել»:
Ըստ Աննայի՝ մեկուկես տարի է արդեն, ինչ ապրում է Հովնանի հետ, եւ ամեն ինչ նորմալ է եղել մինչեւ վերջին մեկ-երկու շաբաթը: Ականատեսներն Աննային պատմել են, որ Հովնանը մշտապես տոնավաճառի տարածքում մարմնավաճառների հետ ժամանակ է անցկացրել, եւ Աննան էլ որոշել է, առաջնորդվելով «աչքը տեսածին է հավատում» կարգախոսով, գնալ եւ տեղում պարզել ամեն ինչ. «Գիշերը՝  ժամը 12:00-ի սահմաններում էր, գնացի Մալաթիայի տոնավաճառի մոտ ու տեսա այդ մարմնավաճառներին Հովնանի հետ: Ասի՝ արի՛ գնանք տուն, Հովնանն էլ խմած էր, չենթարկվեց ինձ, սկսեցի  ներվայնանալ: Հովնանը հրեց ինձ, ես ընկա: Քանի որ ես շուկայում միրգ եմ վաճառում, մի փոքրիկ դանակ ունեմ մոտս, այն միշտ գրպանս գցած է: Միրգը եմ կտրում, որ հաճախորդներս ապրանքի համը տեսնեն: Այդ փոքրիկ դանակով հարվածեցի»: Աննայի այս քայլից հետո տարածքում մեծ իրարանցում է սկսվել, այնտեղ հավաքվող մարմնավաճառները վախից մեծ աղմուկով այս ու այն կողմ են փախել: «Բայց որ  տեսա Հովնանի մայկայի արյունը, խառնվեցի իրար ու անմիջապես նստեցի տաքսի, շտապեցի ոստիկանություն»,-պատմեց Աննան՝ հակասելով Հովնանի մորաքրոջ դստերը, որը մեզ պատմել էր, թե դանակահարելուց հետո Աննան տուն էր գնացել, ապա նոր՝ ոստիկանություն:
Այսպիսով՝ առաջին ամուսնուն կորցրած, երկրորդ ամուսնուն դանակահարած Աննան, ինքնակամ ներկայանալով ոստիկանություն, ստորագրությամբ ազատ է արձակվել: «Ցանկանում էին ինձ կալանավորել, սակայն Մալաթիայի դատախազ Հովսեփ Սարգսյանը մերժեց այդ որոշումը՝ ասելով, թե ես ինքնակամ եմ ներկայացել ոստիկանություն: Բացի այդ, իրենք պետք է սպասեն տեսնեն, թե արդյոք Հովնանը կբողոքի իմ դեմ: Դե Հովնանը չի բողոքում, եւ մենք հաշտության կգանք, սակայն նախաքննությունն ընթանում է: Դե ես էլ այս օրերին «Մալաթիա» բժշկական կենտրոնում խնամում  եմ Հովնանին»,-ասաց Աննան՝ հավելելով, թե Հովնանն ինքն է անձամբ խնդրել խնամել:
Երբ փորձեցինք կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արմեն Ֆարմանյանի հորից՝ Վաչագան Ֆարմանյանից, նա բարկացավ՝ ասելով. «Իմ տղան կապ չունի նրա հետ: Աննան շատ բան կարող է ասել: Նա Արմենի հետ ման է եկել, սակայն Արմենի կինը չի եղել, ինքը երազում էր դառնալ Արմենի կինը: Մենք պատասխանատվության ենք ենթարկելու այն լրատվամիջոցին, որն այս տեղեկությունը տարածել է առանց մեզ հետ ճշտելու»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս