Փարիզի l’Hôtel du Collectionneurում հունվարի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել նախորդ տարվա օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին ու Ֆրանսիայի Նախագահի կողմից արժանացել Ֆրանսիայի Քաջության չորրորդ աստիճանի պարգևի, ինչպես նաև ֆրանսահայ հասարակական, քաղաքական գործիչներ:
Իր խոսքում Օլանդը հայտարարել է, որ վերսկսվել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման շուրջ քննարկումները` նշելով, որ դրա պատրաստումը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային: «Ես հորդորել եմ Ժան Պոլ Կոստային, ով մեր լավագույն իրավաբաններից մեկն է, որպեսզի մեր օրենսդրության մեջ գտնի որևէ ծանրակշիռ ճանապարհ, որն անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը», ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, հայտարարել է Ֆրանսուա Օլանդը՝ ինչին հետևել են ներկաների ծափողջույնները: Ֆրանսիայի նախագահն ավելացրել է, որ Ժան Պոլ Կոստան կարճ ժամանակահատվածում կփորձի գտնել այն բոլոր երաշխիքները, որպեսզի այդուհետ օրենքի հետ կապված իրավական որևէ տարակարծություն չլինի:
Օլանդը, դիմելով ներկաներին, նշել է, որ գիտի, թե ինչպիսի դժգոհություններ են առաջացել 2012-ին ներկայացված օրենքի չընդունման շուրջ, որը նրա խոսքով, հնարավոր է ներկայացվել էր հապճեպ, ինչի հետևանքով էլ առաջացել էին սահմանադրականության հետ կապված խնդիրներ: Միաժամանակ, Օլանդը կարևորել է նոր օրենքի անվերապահ սահմանադրականությունը, քանի որ եթե այն բողոքարկեն ՄԻԵԴում, «ապա դա կլինի սարսափելի պարտություն Ֆրանսիայի համար և Հայ դատի ուրացում»: Ֆրանսիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի ընդունման իր խոստումը որևէ կապ չունի ընտրությունների հետ: «Խնդիրը հաշտեցնելն է: Հայաստանը և Թուրքիան միշտ պետք է իմանան, որ Ֆրանսիան իրենց կողքին է՝ օգնելու նրանց գտնել երկխոսություն», ասել է Օլանդը:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն իր հերթին արձագանքելով նախագահ Օլանդի խոսքին՝ նշել է, որ հպարտանում են նրանով, քանի որ 2015-ին եղել է Հայաստանի կողքին: «2016 թվականին Ֆրանսիայի հայկական ծագումով 500 հազար քաղաքացիները հետևելու են ձեզ՝ իրենց ամենանվիրական ցանկությունն իրականացնելու գործողությունների ճանապարհին», ասել է Փափազյանը, ով իր ելույթը հրապարակել է ֆեյսբուքյան էջում: