«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե աղքատ պատգամավոր է, որովհետեւ նրա ունեցվածքի հայտարարագրին ծանոթանալիս կարող ես մտածել, որ այս մարդն ապրում է սուղ միջոցներով:
Նա որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, չունի նաեւ թանկարժեք գույք, արժեթղթեր, ներդրումներ: Նրա միակ եկամուտը գոյացել է պատգամավորի աշխատավարձից եւ մեկ տարվա ընթացքում կազմել 3 մլն 466 հազար 500 դրամ: Բայց ահա որպես խնայողություն ունեցել է 3 մլն 200 հազար դրամ եւ 32 հազար ԱՄՆ դոլար: Երեւի Հարությունյանը սնվել է «օդով», իսկ ինչ-որ տեղից էլ գտել է 32 հազար ԱՄՆ դոլարը:
Բայց Խաչիկ Հարությունյանը կարող է արդարանալ` ասելով, որ մինչեւ պատգամավորի մանդատ ստանալն ինքը բավական շահութաբեր պաշտոններ է վարել: 1981թ., ավարտելով Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, հրաժարվելով խորհրդային բանակում ծառայելու գաղափարից, աշխատանքի է անցել Վանաձորի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում որպես ինժեներ, դրանից հետո էլ՝ շուրջ 11 տարի, աշխատել է Վանաձորի «Սննդառ»-ում որպես ավագ ճարտարագետ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն: Հենց այս շրջանում էր, որ վանաձորցիները սկսեցին նրան կատակով «պահեստապետ Խաչիկ» կոչել` հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սննդառ»-ը գործող բացառիկ կառույցներից մեկն էր, որն այդ դժվարին ժամանակներում համակարգում էր մարդասիրական օգնության բաշխումները: Երեւի 32 հազար ԱՄՆ դոլարը Խ. Հարությունյանը հենց այս շրջանում է կուտակել ու մինչեւ հիմա պահել նեղ օրվա համար… Ոմանք էլ պնդում են, որ Խ. Հարությունյանի «լավ օրերը» սկսվեցին այն ժամանակ, երբ 1995-ին նշանակվեց Լոռու մարզի «Առեւտրի եւ սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: Իսկ գուցե ավելի «բարեբեր» եղավ «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրենի պաշտո՞նը: Սա Հարությունյանի վերջին պաշտոնն էր, քանի որ 2001-ից հետո աշխատանքի անցավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում:
Իսկ 2003-ից, երբ «Օրինաց երկիր»-ը դարձավ խորհրդարանական ուժ, Արթուր Բաղդասարյանն էլ ընտրվեց ԱԺ նախագահ, Խ. Հարությունյանը որոշեց ներգրավվել կուսակցական աշխատանքներում` հասկանալով, որ սա է այն ճանապարհը, որն իրեն նոր բարեկեցություն կպարգեւի:
Սկզբում Վանաձորի ՕԵԿ կառույցներից մեկի ղեկավար դարձավ, իսկ հետո, յուրատեսակ պայքար հայտարարելով մյուս կառույցներին, կարողացավ դառնալ միավորյալ կառույցների ղեկավար: Այդ ժամանակ լուրջ դժգոհություններ կային նրա գործունեությունից. Խ. Հարությունյանը զբաղված էր մյուս կառույցների ղեկավարների «սեւացմամբ», ամեն ինչ անում էր, որպեսզի մարզում դառնա Ա. Բաղդասարյանի միակ հենարանը… եւ ինչ-որ առումով գուցե թե հաջողվեց: 2008-ին համամասնական ցուցակով գալով խորհրդարան՝ Հարությունյանն ընտրվեց գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իհարկե, սա զավեշտալի «նշանակում» էր, որովհետեւ այդ հանձնաժողովի նախագահն առնվազն պիտի գյուղատնտեսությանը մոտ կանգնած մարդ լիներ, մինչդեռ ընդամենը մեկ տարի աշխատելով անտառտնտեսության տնօրեն՝ Հարությունյանն այդ պաշտոնից հեռացել էր «առեղծվածային» հանգամանքներում` հավանաբար այդպես էլ չկարողանալով ուսումնասիրել ոլորտի առանձնահատկությունները:
Հիշատակենք մի հետաքրքիր փաստ Խ. Հարությունյանի օրինաստեղծ գործունեությունից: Նա խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լսենք, թե ինչպես ամփոփեց նա իր ներկայացրած օրինագծի քննարկումը. «Հիմա ես անդրադառնամ մեկ-երկու խոսքով: Ուրեմն 15-օրյա ժամկետը փոխվել է 30-օրյա: Սա լա՞վ է, թե՞ վատ է: Իհարկե լավ է: Լավ է այն առումով, որ պաշտոնյաները, հասարակությունը հնարավորություն կունենան այդ մեկ ամսվա ընթացքում կարողանան ուսումնասիրել փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հանրային լսումներ: Այն եկավ փոխարինելու 120 եւ 18 օրերին: Հիմա մենք, ինձ թվում է, մի ծայրահեղությունից մյուսը պետք է ընկնենք: Մի կողմում կոռուպցիան է, երկրորդ կողմում ես չեմ կարծում, որ այս օրինագիծը խիստ բնապահպանական խնդիր է լուծում: Դա մենք պետք է փորձենք լուծել այլ օրենքների շրջանակներում: Հիմա սրանով մենք բավականին լուրջ քայլ ենք անում, որպեսզի բարելավվի գործարար միջավայրը, եւ իսկապես մարդկանց, քաղաքացիներին, մեր գործարարներին զերծ պահենք հնարավորինս բյուրոկրատական քաշքշուկներից: Սա շատ կարեւոր բան է»: Եթե որեւէ մեկը կարող է այս ելույթում հոդաբաշխ որեւէ միտք գտնել, նշանակում է՝ Խաչիկ Հարությունյանի «լեզուն» պետք է գրանցել կոդավորման համաշխարհային համակարգում…
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԱԺ-ՈՒՄ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ