2007թ. ապրիլի 26-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ամերիկյան դիվանագետներին` այնժամ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի գլխավորությամբ: Զրույցի մանրամասները հայտնի են դարձել «Վիկիլիքսի» բացահայտումների շնորհիվ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ մասնավորապես անդրադարձել հանդիպումից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած քաղաքական սկանդալին, երբ հրապարակվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի գաղտնի զրույցը: Քոչարյանը պատմել է, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը ցանկացել կրկին հայտնվել իշխանության մեջ եւ այդ մասին համապատասխան խնդրանք փոխանցել նախագահական:
Այսպես, Գոդֆրին հայտնում է, որ հանդիպման միջոցով ցանկացել են Քոչարյանին մի շարք մեսիջներ հասցնել: Ամերիկացիները բավականին խիստ վերաբերմունք են որդեգրել Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի զրույցի հրապարակման կապակցությամբ: Այդ առթիվ ականտես լինելով ամերիկացիների հետաքրքրությանն ու բացասական վերաբերմունքին` Քոչարյանը զարմացել է` նշելով, որ ձայնագրության բովանդակությունն ամենեւին էլ չի վերաբերում ամերիկացիներին: Գոդֆրին, սակայն, չի նահանջել` պնդելով, որ քաղաքականապես ուղղորդված ու գաղտնի զրույցի հրապարակումը անմիջականորեն է առնչվում իրենց:
Ա. Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի գաղտնի զրույցի հրապարակումը որակելով ընտրական գործընթացի ամենավտանգավոր իրադարձությունը` Գոդֆրին կարծիք է հայտնում, որ տպավորություն է, թե հատուկ ծառայություններն են միջամտել նախընտրական քաղաքական պայքարին: Ըստ հեղինակի` այդ հանգամանքը խիստ բացասաբար կազդի բոլոր միջազգային դիտորդների գնահատականների վրա: Ամերիկացի դիվանագետին չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի բովանդակություն է ունեցել զրույցը, քանզի քաղաքական գործիչների մասնավոր զրույցների հրապարակումն ինքնին ընդունելի չէ ազատ հասարակությունների համար: Գոդֆրին հավելում է, որ ինքը Սերժ Սարգսյանին կոչ է արել դատապարտել ձայնագրության հրապարակումը, իսկ Քոչարյանին հիշեցրել, որ ԱԱԾ-ն նույն թվականի մարտին փորձում էր լրագրողներից մեկի նկատմամբ գրաքննություն իրականացնել, ինչը եւս դիվանագետը համարել է անվտանգության մարմինների` քաղաքականությանը խառնվելու անհանգստացնող ցուցիչ:
Ռոբերտ Քոչարյանը, սակայն, «արժանիորեն» հակահարված է տվել ամերիկացիներին` բողոքելով թե՛ Բաղդասարյանից, թե՛ բրիտանացի դիվանագետից: Նա հայտնել է, որ բրիտանացի դիվանագետը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել ընդդիմադիրների հետ` ունենալով դիվանագետին անհարիր բովանդակությամբ զրույցներ եւ քաղաքական ինտրիգներ սերմանելով: Քոչարյանը շեշտել է, որ բամբասանքներ տարածելը եւ ընդդիմադիրներին իշխանության դեմ գրգռելը ավելի շատ գործակալի, քան դիվանագետի գործ է: Նրա պնդմամբ` բրիտանացի դիվանագետը քաջալերում էր ընդդիմադիր գործիչներին ըմբոստություններ կազմակերպել: Քոչարյանը հիշատակել է ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ նույն բրիտանացու զրույցը, ինչն այնքան էր վրդովվեցրել Վ. Հովհաննիսյանին, որ նա անձամբ էր տեղյակ պահել Քոչարյանին զրույցի մանրամասների մասին: Գոդֆրին փորձել է դուրս գալ անհարմար վիճակից` նկատելով, որ երբեմն դիվանագետի աշխատանքը պահանջում է սադրող հարցեր բարձրացնել եւ այդ հանգամանքը կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Եթե Քոչարյանի նկարագրություններն իրական են, ապա առնվազն տարակուսելի է, որ նման դիվանագետին անմիջապես չեն հռչակել անցանկալի անձ ու պահանջել հեռանալ Հայաստանից:
Քոչարյանը քննադատական է տրամադրված եղել նաեւ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Նա խնդրել է ամերիկացիներին այլեւս գրառումներ չանել, ինչպես նաեւ իր աշխատակազմի ներկայացուցիչներին հրահանգել է լքել սենյակը: Ապա Քոչարյանը տեղեկացրել է, որ Արթուր Բաղդասարյանը 2007թ. սկզբից երեք անգամ դիմել է նախագահական` հարցնելով, թե արդյոք Քոչարյանը թույլ կտա ՕԵԿ-ին մտնել կոալիցիա խորհրդարանական ընտրություններից հետո: Քոչարյանը պատասխանել է, որ եթե Ա. Բաղդասարյանի հայտարարությունները մնան թույլատրելի սահմաններում, ինքը պատրաստ է թույլ տալ ՕԵԿ-ին կոալիցիա մտնել: Քոչարյանն ամերիկացիներին փոխանցել է, որ անկեղծորեն բարկացած է եղել, երբ հաջող համաձայնությւնից հետո պարզել է, որ Ա. Բաղդասարյանը բրիտանական դեսպանության հետ ծրագրում էր սեւացնել Հայաստանի հեղինակությունը եւ կոչ անում եվրոպական երկրներին ընտրությունները որակել անարդար:
Գոդֆրին զեկուցագրի ավարտին նկատում է, որ Քոչարյանի հետ հանդիպումը բավականին բարդ էր: Ըստ նրա` Քոչարյանը ունի «խոսքային ձյուդոյի» ունակություն, երբ չի ցանկանում քննարկել իրեն անհաճո թեմաներ: Դիվանագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ Քոչարյանի մեկնաբանություններից իրենք ավելի լավ են ընկալել նրա բնույթը: Հեղինակի պնդմամբ` Քոչարյանը անմիջապես խիստ կեցվածք է որդեգրում, երբ զգում է, որ իր հետ կայացած պայմանավորվածությունը խախտվել է. «Նա հեշտությամբ չի ներում այդպիսի խախտումը»,- եզրափակել է դիվանագետը:
Ն. Հովսեփյան