Վաղ թե ուշ «կհասնեմ» քաղաքական թեմաներին. Լուսինե Երնջակյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական Կամերային թատրոնի բեմադրիչ Լուսինե Երնջակյանը ծրագրում է նոր պիես բեմադրել, որտեղ կներկայացվեն կին-տղամարդ հարաբերությունները: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծորեն նշել է, որ իր համար միշտ խորթ է եղել քաղաքական թեման, բայց նաեւ համոզմունք է հայտնել, որ դրան անդրադառնալու ժամանակն էլ կգա: Ինչպես հայտնի է` այս տարի թատերական արվեստի ոլորտի որեւէ ներկայացուցչի չշնորհվեց պետական մրցանակ: Բեմադրիչը վստահ է, որ կան գործեր, որոնք արժանի են մրցանակի, նա, սակայն, խոստովանել է, որ իրենց թատրոնը պարզապես մոռացել էր այդ մրցանակաբաշխության մասին:

-Լուսինե՛, Ձեր բեմադրած ներկայացումներում մեծ տեղ ունեն կին-տղամարդ հարաբերությունները ներկայացնող թեմաները: Առաջիկայում կլինե՞ն նոր բեմադրություններ, որոնցում այդ հարաբերությունները կմատուցվեն նորովի, կա՞ մի թեմա, որին միշտ ուզեցել ես «մոտենալ», բայց չի ստացվել:

-Մենք նախատեսում ենք տարվա վերջում հերթական երաժշտական ներկայացումը հանձնել հանդիսատեսի դատին: Դրանից բացի` կա մի ներկայացում, որին մի քանի անգամ նախատեսել եմ անդրադառնալ, բայց չի հաջողվել, հուսով եմ` այս տարի կյանքի կկոչեմ. խոսքը անգլիական մի պատմվածքի մասին է, որը կվերափոխվի պիեսի:

Այն կոչվում է «Սերն ինչպես կինոյում», որը արծարծում է կին-տղամարդ հարաբերությունների թեման: Իսկ, առհասարակ, ես դեռ խուսափում եմ քաղաքական թեմաներից, թեեւ թատրոնում կան ներկայացումներ, որոնցում բարձրացվում են քաղաքական հարցեր: Այդ թեման դեռ ինձ համար խորթ է, բայց, կարծում եմ, դրան մոտենալը ժամանակի խնդիր է. վաղ թե ուշ դրան էլ կհասնեմ:

12592301_986806281400438_7445948361727531883_n

-Տարիների փորձն ի՞նչ է ցույց տվել, ո՞ր դեպքում է ներկայացումը ընդունվում հայ հանդիսատեսի կողմից, արժանանում լայն արձագանքի եւ որ դեպքում ոչ:

-Ընդունվել-չընդունվելու միակ պայմանն այն է, որ արծարծվող թեման եւ դրա մատուցումը պետք է արդիական լինեն, անգամ եթե բեմադրվում է դասական գործ, միջնադարյան պատմություն, դա պետք է արվի ժամանակակից շնչով եւ մյուս պայմանը` դա պետք է հուզի: Այսօր խորհրդային տարիների խնդիրների վերաբերյալ ներկայացումը չի նայվի: «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» պիեսն, օրինակ, հիպիական շարժման մասին է, բայց մեր բեմադրած ներկայացման մեջ այդ մասին չկա, քանի որ այսօրվա երիտասարդությանը հիպիական թեմաներն արդեն հետաքրքիր չեն:

-Հերթական անգամ թատերական արվեստի ոլորտի որեւէ ներկայացուցչի 2015 թվականի համար չշնորհվեց պետական մրցանակ: Թեեւ 2015-ին պետական մրցանակի ներկայացվել էր ընդամենը մեկ ներկայացում (Համազգային թատրոնի «Համլետը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ): Ի՞նչ եք կարծում՝ թատրոններն իրենք պասիվ չե՞ն այս հարցում: Թե՞ արդեն պետական մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը կորել է:

-Վստահ եմ, որ կան գործեր, որոնք արժանի են մրցանակի: Ինքս երբեք չեմ աշխատել հանուն մրցանակի կամ հանուն փառատոնի, իսկ մեր օրերում, արդեն, բերմադրվում են ներկայացումներ` «փառատոնային հոգեբանությամբ»: Ես մրցանակ ստանալուց անգամ չեմ կարծում, թե դա է բարձրագույն գնահատականը, թեեւ այդ երեւույթը հաճելի է եւ պարտավորեցնող: Իհարկե, արժե, որ հաջորդ անգամ մրցանակի հավակնորդների թիվը մեծ լինի:

Կարծում եմ` շատերը մտածում են, որ միեւնույն է` չեն ստանա: Բայց ես գիտեմ երիտասարդների, որոնք ինձ համար անսպասելիորեն ստացել են պետական մրցանակներ, երիտասարդները, փաստորեն, գնահատվել են: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, ապա մենք ուղղակի չենք հիշել այդ մրցանակաբաշխության մասին, ոչ թե արժանի գործ չունեինք, որ ներկայացնենք:

12669450_986806288067104_1844587025424852943_n

-Ձեր թատրոնը հիմա հրատապ լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ ունի:

-Հույս ունենք, որ այս տարի թատրոնը տեխնիկապես կվերազինվի, այդ խնդրի լուծման ճանապարհներն արդեն կան: Տարիներ շարունակ լուսային եւ ձայնային սարքավորումները չեն թարմացվել, իսկ մեր դեպքում դա շատ կարեւոր է, քանի որ մեզ մոտ բեմադրվում են շոու-ներկայացումներ: Ունենք նաեւ բեմի խնդիր: 30 տարվա բեմ է, պետք է վերանորոգել:

-Այս տարի արտերկրում փառատոների կմասնակցե՞ք: Այդ առումով ի՞նչ ծրագրեր կան:

-Մարտին «Ներոն» ներկայացումը կներկայացվի ռուսական մի փառատոնում, նախատեսվում են նաեւ հյուրախաղեր ԱՄՆ-ում: Տեսնենք` ինչպես կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս